տուն Քաղաքական Հայաստան Օրը Շիրազական է. ծնունդդ շնորհավոր, Հանճար

Օրը Շիրազական է. ծնունդդ շնորհավոր, Հանճար

356
0

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Այսօր բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:

Շիրազը լեգենդ էր երեկ, լեգենդ է այսօր, լեգենդ կլինի նաև վաղը: Կյանքի դժվարությունների բովով անցած արվեստների ու արհեստների քաղաքի պոետը քառասուն գիրք է հեղինակել:

Նրան ճանաչողները պատմում են, որ հայտնի գրողն առանձնանում էր ոչ միայն իր տաղանդավոր գրչով, այլև գյումրեցիներին բնորոշ սուր հումորով:

Մայրապաշտ Շիրազի «Հուշարձան մայրիկիս» բանաստեղծությունների ժողովածուն շուրջ 60.000 տպագրություն է ունեցել և արագությամբ սպառվել է: Նրա քնարերգությունը սովորեցնում է սիրել, գնահատել և, ի վերջո, պաշտել մորը, հայրենիքը, կյանքը: Գրողն իր ապրած օրերի պատառիկները բանաստեղծության միջոցով հասցնում է ընթերցողին՝ ներթափանցելով հուզականության և զգացմունքների տիրույթ:

Հովհաննես Շիրազի ստեղծած գրական արժեքների մասին գնահատական տվողները վաղուց ասել են իրենց հստակ կարծիքը: Իսկ այսօր` Խորհրդային Հայաստանի ամենահայտնի պոետներից Շիրազի ապրող ստեղծագործությունները վկայում են նրա տաղանդի, մեծության և հանճարեղության մասին:

Օրը Շիրազական է: Գարունը պաշտող պոետի հոգին էլ զարթոնք էր ապրում ձմռան նահանջի հետ: Եվ մեկը մյուսից ոգեշունչ բանաստեղծությունները ամբարվում էին, որպեսզի դարեր շարունակ ջերմացնեն մարդկանց հոգիները:

Շնորհավոր ծնունդդ, հանճար…

Հայկ Մագոյան