«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է, որ «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»:
Այս դրույթը, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, (Ռուբիկ Հակոբյան, Թևան Պողոսյան, Ալեքսանդր Արզումանյան), ոչ միայն անհավասար պայմաններ է ստեղծում տեղական եւ օտարերկրյա ներդրողների միջեւ՝ հօգուտ վերջիններիս, այլեւ, ըստ էության, պետությանը զրկում է իր շահերից բխող քաղաքականություն վարելու, մասնավորապես հակամենաշնորհային գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Ուստի պատգամավորները մի օրեսդրական նախաձեռնություն են հեղինակել, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ հոդվածը: «Նախորդ տասնամյակի սկզբին նման դրույթի առկայության եւ կիրառման պատճառով տարիներ շարունակ հնարավոր չէր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի զրկումը մենաշնորհից, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակացության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ուշացավ մի քանի տարով»,- ասված է նրանց ներկայացրած որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը, սակայն, դեմ է արտահայտվել այդ փոփոխությանը: «1994 թվականից գործող «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի խնդիրն է օտարերկրյա նյութական և ֆինանսական միջոցների ներգրավումը: Օրենքի 7-րդ հոդվածի դրույթը լայն տարածում ունի միջազգային պրակտիկայում (grandfathering clause): Միջազգային պրակտիկայում դրույթի տրամաբանությունն օտարերկրյա ներդրողների համար շուկան` առավելապես զարգացող երկրների շուկան, կանխատեսելի և վստահելի դարձնելն է: Այսինքն օտարերկրյա ներդրողն իր գործարար ծրագիրը կազմելու ժամանակ հիմք է ընդունում տվյալ երկրում գործող օրենսդրական դաշտը, որի կայունությունը լուրջ խթան և երաշխիք է հանդիսանում օտարերկրյա ներդրողների համար: Խնդրո առարկա դրույթի բացառումը հայաստանյան շուկան կդարձնի ռիսկային ու չպաշտպանված օտարերկրյա ներդրողների համար, քանի որ համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրությունում ցանկացած փոփոխություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրողների գործունեության վրա, կհանգեցնի վերջիններիս` Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու շահագրգռվածության նվազեցմանը»,- ասված է կառավարության եզրակացության մեջ, որը հավանության կարժանանա կառավարության հինգշաբթի օրվա նիստում: