տուն Լուրեր Օջալանը` Նոբելյան մրցանակի հավակնորդ

Օջալանը` Նոբելյան մրցանակի հավակնորդ

103
0

ojalan

Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը առաջադրվել է խաղաղության «Նոբելյան» մրցանակի:

Օջալանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 4-ին Թուրքիայի Ուրֆա նահանգի Օմերլի (Ամարա) գյուղում։ Ծնվել է գյուղացիների՝ Օմեր եւ Ուվեյշ Օջալանների ընտանիքում։ Յոթ երեխաներից ավագն էր։ 1968 թվականին ավարտել է Անկարայի կադաստրի և չափագրության վարժարանը։ 1971 թվականին սկսել է սովորել իրավաբանություն Ստամբուլի համալսարանում, սակայն մեկ տարի չանցած տեղափոխվել է Անկարայի համալսարան, որտեղ էլ ուսումը շարունակել է քաղաքագիտության ֆակուլտետում (1971-74 թթ)։

70-ականներին Օջալանը հետաքրքրվում է մարքսիստ-լենինիստական գաղափարներով։ 1978 թվականի նոյեմբերի 27-ին Դիարբեքիրի Լիջե շրջանի Ֆիս գյուղում Օջալանը մի խումբ թուրք համախոհների հետ հիմնադրում է PKK-ն, իսկ 6 տարի անց կազմակերպությունը սկսում է զինված պայքարը Թուրքիայի դեմ։

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել է PKK-ն։ 1998 թվականին Անկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը ստիպված խնդրում է Օջալանին լքել երկիրը։ 1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Ձերբակալությունից հետո տեղեկություններ էին պտտվում, թե նրան ձերբակալել են իսրայելական և ամերիկյան հատուկ ծառայությունները։ Թուրքական դատարանը նրան դատապարտեց մահապատժի, սակայն Եվրախորհրդի օրենքների համաձայն՝ այդ վճիռը հետագայում փոխվեց ցմահ ազատազրկման։

2013 թվականի մարտի 21-ին Դիարբեքիրում, որտեղ հարյուր հազարավոր քրդեր տոնում էին Նովրուզը, ընթերցվեց Օջալանի ուղերձը, որով նա PKK-ին կոչ էր անում հրադադար հաստատել, լքել Թուրքիայի տարածքը և զինված պայքարից անցնել քաղաքական պայքարի։ 2013 թվականի մայիսի 8-ին PKK-ն պաշտոնապես սկսեց Թուրքիան լքելու գործընթացը։

Վերջերս էլ «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ուղերձ է հղել նաև Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ ասելով.

«Ես հարգում եմ հայ ժողովրդի արժանի զավակ Հրանտ Դինքի հիշատակը և ողջունում նրա պայքարը»: