տուն Հասարակություն Օնլայն տաքսիները հարկ կվճարեն. արդյոք կփոխվի՞ ծառայության արժեքը

Օնլայն տաքսիները հարկ կվճարեն. արդյոք կփոխվի՞ ծառայության արժեքը

276
0

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն տաքսու ոլորտի կարգավորման համար: Օնլայն տաքսի ունեցող ընկերությունները, սակայն, դեմ են  փոփոխման այս ձեւին: Կարծում են՝ այն կսպանի օնլայն տաքսու ոլորտը, գինն էլ կբարձրանա:

Ինչ է նախատեսվում նախագծով: Նախատեսում են լիցենզիայի 2 տեսակ,  այսպես ասած՝ օնլայն եւ օֆլայն: Օֆլայն տաքսու վարորդները, եթե ֆիզիկական անձ են,  ազատվում են հարկերից, իսկ օնլայն տաքսու վարորդները պետք է լինեն անհատ ձեռներեց կամ հանդես գան որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, հարկ վճարեն: Անհատ ձեռներեցը, ըստ առաջարկվող օրինագծի, լիցենզիա ձեռք բերելու համար պարտավոր է վճարել տարեկան 100 հազար դրամ ֆիքսված գումար, բացի այդ՝ ամսական պետք է վճարի մինչեւ 11 000 դրամ՝ կախված հարկային ռեժիմից, անհատ ձեռներեցի կարգավիճակը սպասարկելու համար, եւս 9500 դրամ պետական տուրք՝ Երեւան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար:

«Անի պլյուս»  տաքսի ծառայության ղեկավար Արթուր Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ճիշտ է համարում առաջարկված նախագիծը, քանի որ օնլայն տաքսիները երկար տարիներ գերշահույթ են ստացել: «Պետք է դաշտում հավասար պայմաններ ստեղծել, բոլոր տաքսիներն էլ հարկ պետք է վճարեն»,- համոզված է  Սարգսյանը:

Արթուր Սարգսյանի կարծիքով, կառավարության կարգավորման մեջ կարելի է փոխել հարկային պարտավորությանն առնչվող դրույթը: Քանի որ օնլայն տաքսու վարորդների համար տաքսի վարելը լրացուցիչ աշխատանք է, միշտ չէ, որ տաքսի են վարում, կարող են, օրինակ, հարկ վճարել յուրաքանչյուր պատվերից:

«Անի պլյուս»-ի ղեկավարն առաջարկում է կառավարությանը օնլայն տաքսու վարորդների փոխարեն հարկային պարտավորությունը դնել ընկերության ղեկավարության վրա:

Արդյոք օրինագծի փոփոխությունից հետո օնլայն տաքսու գները կբարձրանան: «Ոչ: Այսքան ժամանակ օնլայն տաքսի ընկերությունները գերշահույթ են ստացել, հիմա էլ թող շահույթ չստանան: Պարզապես պատշաճ ծառայություն իրականացնելու համար մեկ կիլոմետրի համար 100 դրամը քիչ է: Ցանկալի է գոնե 150 դրամ լինի»,- ասաց Արթուր Սարգսյանը:

Օնլայն տաքսու ծառայության ղեկավարների բողոքը, ըստ մեր զրուցակցի, հարկային պարտավորությունից խուսափելն է: «Ինչ արեց նույն «Յանդեքսը»: Եկավ Հայաստան, դեմպինգ ստեղծեց, բոլորը գնացին այնտեղ, 500.000 դոլարով մեքենաներ առան ոչ բարվոք վիճակում, չնայած, բան չունեմ ասելու, մարդկանց վիճակն այդ է: Բացի այդ՝ օնլայն տաքսին վճարում է իր շրջանառության 5 տոկոսը միայն: Այլ վճարներ՝ օրինակ, վարորդի սոցիալական վճար, չի  անում»,- մանրամասնեց տաքսի ծառայության ղեկավարը:

Բացի վերոնշյալ կարգավորումներից՝ տաքսի ծառայության ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր վարորդ պետք է որոշակի չափորոշիչների համապատասխանի՝ ունենա վարորդական պատմություն, առողջական բարվոք վիճակ, պատշաճ արտաքին, գոնե ռուսերենի իմացություն:

Ինչ կարծիք ունի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օնլայն տաքսի ծառայության  ներկայացուցիչների առաջարկների մասին: Նախարարությունից հիշեցրին՝ մայիսի 14-ին կլինի հանրային քննարկում, որտեղ էլ կպատասխանեն հուզող հարցերին:

Սոնա Դավթյան