Երեկ ՕԵԿ գրասենյակում տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը իշխող կոալիցիայից դուրս գալու որոշում է կայացրել: ՕԵԿ-ը նոր է հասկացել, որ ՀՀԿ-ի հետ չի կարող այլևս մնալ կոալիցիայում, քանի որ իրենց ազդեցությունը զրոյական է: Այն, որ ՕԵԿ-ի ազդեցությունը կառավարության և նախագահի վրա զրոյական էր, դա հասկանալի էր անգամ կույր ու խուլ մարդուն, և չնկատել դա 6 տարիշարունակ՝ ուղղակի անտրամաբանական է: Հասկանալի է, որ ՕԵԿ-ը հերթական անգամ «ընդդիմություն» դառնալով փորձում է իր գինը բարձրացնել, որպեսզի հաջորդ ընտրություններին առավել հարմար գնով իր ծառայությունները վաճառքի հանի: ՕԵԿ-ից հրաժարվեցին անգամ իր նախարարները և հայտարարեցին, որ իրենք այլևս այդ կուսակցության հետ կապ չունեն: ՕԵԿ-ում միայն մի բան են մոռանում, որ ոչ միայն նախարարական պորտֆելներն են իրենց տրամադրվել ՀՀԿ-ի կողմից, այլեւ հենց պատգամավորական մանդատները: Բոլորին է հայտնի, որ ՀՀԿ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ թվով կեղծումներ է արել նաև ՕԵԿ-ի համար և հիմա, եթե ՕԵԿ ղեկավարները հայտնվել են իրենց «վատ երազում» և ցանկանում են «ընդդիմադիր» դառնալ, ապա լավ կլինի խոստովանեն, թե ինչ ճանապարհով են անցել խորհրդարան: Հակառակ դեպքում կստացվի, որ ՕԵԿ-ում ուզում են և հաճույք ստանալ, և կույս մնալ: