ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդ Ալ-Ազիզին հավաստիացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակը» չի ստորագրի այնպիսի համաձայնագիր, որը հնարավորություններ կթողնի Իրանին ստեղծելու միջուկային զենք։ Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Էր-Ռիյադ կատարած այցի ժամանակ։
Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները չեն համաձայնի ստորագրել «վատ համաձայնագիր»։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի արաբական մյուս երկրների հետ միասին մտահոգություն էր հայտնել Իրանի հետ բանակցությունների կապակցությամբ, քանի որ Իրանը, նրանց կարծիքով, միջազգային հանրությանը փորձում է թյուրիմացության մեջ գցել։
Տեղեկացնենք, որ ավանդաբար Սաուդյան Արաբիան և Իրանը տարածաշրջանում համարվում են մրցակից երկրներ, որոնք ձգտում են իրենց ազդեցությունը տարածել Պարսից ծոցում։ Երկու երկրների միջև հակասություններն էլ ավելի են սրվել 1979 թվականին՝ Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո։