Վաղը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպայից կմեկնի Սաուդյան Արաբիա: The Guardian-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահը կարող է խաղարկել սաուդական քարտը` միջազգային շուկայում նավթի և գազի գները փլուզելու և Ռուսաստանին պատժելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Պարբերականի հեղիանկի խոսքերով` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող շատ արդյունավետ լինել, սակայն Պարսից ծոցի միապետները կարող են իրենց վրա վերցնել այդ գործը: Օբամայի այցն Էր-Ռիյադ այս առումով կարևոր է: Հեղինակը նշում է, որ նավթի գների փլուզման և Պուտինին պատժելու տարբերակը խորհուրդ են տվել Օբամայի ընկերները, և հենց այս ծրագիրն էլ նա կիրականացնի: Մանավանդ, որ նման քայլի արդյունավետությունն ապացուցվել է 1980-ականներին:
Բանն այն է, որ ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստան ներխուժումից հետո, Սաուդյան Արաբիան հեղեղեց շուկան նավթով, դրանց գները հասան մինչև ներկայիս գներով 20 դոլարի մեկ բարելի դիմաց (այժմ նավթի գները կազմում են 100-110 դոլար):
Այն ժամանակ ԽՍՀՄ-ը զրկվեց արտարժութային զգալի ներհոսքից, ինչից տուժեց երկրի տնտեսութունը: Որոշ վերլուծաբաններ ԽՍՀՄ փլուզման կարևոր պատճառներից մեկն էլ համարում են նավթի գների անկումը:
Նավթի գների հետ լուրջ կապ ունեցող Ռուսաստանի բյուջեին զգալի վնաս կհասցնի նույնիսկ գների 20 դոլարով անկումը, գրում է հեղինակը: Վերջին 30 տարիներին ԱՄՆ-ի ազդեցությունը Սաուդյան Արաբիայի վրա նվազել է, սակայն Օբաման ունի ներուժ համոզելու թագավորության իշխանություններին՝ դիմելու այս քայլին: