Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը` համոզելու Ուկրաինայում գործող անջատողականներին՝ վայր դնելու զենքերը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեհաստանում՝ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով` Արևմուտքը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս խանգարի ներուկրաինական կարգավորմանը: Ըստ Օբամայի` կա մեկ պայման, որի դեպքում հնարավոր են հարաբերությունների բարելավում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Մոսկվան պետք է հարգի միջազգային իրավունքը:
Հիշեցնենք, որ այսօր Օբաման «սրբազան պարտականություն է» անվանել Արևելյան Եվրոպայում դաշնակից երկրների պաշտպանությունը, ինչպես նաև Եվրոպա ժամանելուց առաջ դիմել է Կոնգրեսին՝ մեկ միլիարդ դոլար տրամադրել Եվրոպայում ռազմական ներկայությունն ավելացնելու համար: