Ինչպես արդեն հրապարակել էինք ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ հրաժարվել է պատգամավորական իր մանդատից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: Իսկ մամուլի հրապարակումների համաձայն` Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան` Լեւոն Դոխոլյանը, ով ներկայումս աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում: Հավաստի են արդյո՞ք մամուլում տեղ գտած այս հրապարակումները՝ լրագրողները փորձել են պարզել ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանից: Վերջինս անդրադարձել է նաև մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Լեւոն Դոխոլյանին, ով Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, հարազատ թաղամասում ճանաչում են որպես «քույրիկ Լեւոն»: Մամուլի այդ հրապարակումը դուր չէր եկել նաեւ Հեղինե Բիշարյանին եւ վերջինիս քրոջ փեսային: Լեւոն Դոխոլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր «եթե այդ լրագրողուհին հանդիպի ինձˋ նա անվարան կճաշակի իմˋ տղամարդ լինելու անհերքելի փաստըˋբոլոր հաճելի հետևանքներով»: Այս արտահայտությունն այսօր մամուլում դարձել է քննարկման առարկա: Արդյո՞ք պաշտոնյան իրավունք ունի նման որակումներ տալու եւ էթիկայի սահմանն անցնելու: ԱԺ-ում, երբ լրագրողները Հ. Բիշարյանից փորձել են պարզաբանում ստանալ իր քրոջ փեսայի պահվածքի վերաբերյալ, տիկին Բիշարյանը եւ նրա աշխատասենյակում գտնվող կանայք բավականին ագրեսիվ պահվածք են ցուցաբերել: Երբ լրագրողներից մեկը փորձել է ցույց տալ հոդվածը, խնդրելով Հ. Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի «մտքի փայլատակումները», վերջինս սկսեց ոչ ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել: Նախ նա խլել է լրագրողի ձեռքից ձայնագրիչը, ապա անջատել է համակարգիչը: «Երբ որ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասեցին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան: Այստեղ ինքը, եթե պատասխանել է այն մարդուն, ով այսօր թերթում հրապարակել էր…», ասել է Հ. Բիշարյանը: Երբ լրագրողը խնդրել է իր քրոջ փեսայի հայտարարությունը կարդալ եւ մեկնաբանել, նա հայտարարել է, որ անգիր գիտի եւ կարդալու ցանկություն չունի: ՕԵԿ խմբակցության ղեկավարը այլեւս չի ցանկացել որեւէ մեկնաբանություն տալ: Նա միայն նշել է, որ դեռեւս հստակ չէ, թե իր քրոջ փեսան կփոխարինի պատգամավորական մանդատից հրաժարված Խաչիկ Հարությունյանին, միայն ավելացրել է, որ ցուցակում հաջորդը հենց նա է:
Էմմա Պալյան