ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը:
Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյոք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշել է, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր՝ նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։
«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան՝ արդյոք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,- ասել է Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՞ ոչ։
Նկատենք, որ գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։
Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին։