Օրերս ՀԺ-ն տեղեկություն է ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում:
Համացանցում փնտրեցինք այդ անունով ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը: Հայաստանում գրանցված նման ընկերություն չհաջողվեց գտնել: Եվ քանի որ պարզ էր, որ չգրանցված կազմակերպության անունից նման առաջարկների մասին դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար մեկնաբանություն տալ, որոշեցինք զանգահարել այն հեռախոսահամարով, որով առաջարկներն արվում են, և ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ մանրամասներ պարզել: Ահա թե ինչ պարզվեց ընկերության ներկայացուցիչ Արմինեի հետ մեր զրույցի ընթացքում:
— Բարեւ ձեզ, «Goal it» ընկերությունի՞ց է:
— Այո՛:
— Դուք մեզ դիմել էիք աջակցման համար Բելլա Քոչարյանի անունից, ճի՞շտ եմ հիշում:
— Այո՛:
— Ո՞նց կարող ենք դիմել կա՛մ ձեզ, կա՛մ տիկին Քոչարյանին՝ աջակցության ծրագրերի համար:
— Ինչպե՞ս է ձեր կազմակերպության անունը:
— Կանանց աջակցման կենտրոն (անունը պատահական է ընտրված եւ եթե իրականում կա նման կազմակերպություն, ապա զուգադիպությունը միտումնավոր չէ):
— Այո՛, մենք դիմել ենք, ես մեյլով էլ եմ ձեզ ուղարկել կարծեմ: Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ:
— Մեզ դիմողներ կան…
— Ուզում եք միանալ ծրագրի՞ն:
— Այո՛:
— Ձեր ծրագրի անունից նշանակեք մի համակարգող, որի հետ կապը կպահենք եւ նաեւ կվերահսկենք էն իմաստով, որ ծրագրի մանրամասները կներկայացնենք, կասենք՝ ոնց, երբ, ինչ, էդ մարդկանց ուր բերեն եւ այլն: Հայտարարություն կանենք, հետո ձեր կազմակերպությունը կարող է անել: ….Շատ հեղինակավոր ընկերություններ են մեզ միացել …(անունները չենք նշում, քանի որ չունենք այդ կազմակերպությունների համաձայնությունը-խմբ.):
— Ի՞նչ է ենթադրում աջակցությունը:
— Դուք ընտրում եք այն երիտասարդներին, որոնք գումար չունեն կամ եւ այլն, չեն կարող գնալ նման մասնագիտություններ սովորել, մենք այդ երեխաներին վերապատրաստում ենք՝ մոտիվացիա, կորպորատիվ էթիկա եւ այլն, փոքրիկ թրեյնինգ ենք անում, հետո տալիս ենք հայտ, լրացնում են, որտեղ են ուզում սովորել, ինչ մասնագիտություն են ուզում սովորել: Օրինակ՝ կարող են դիմել «Ագա Քանքանյան» ստուդիո, «Սիթիզեն», «Իմիջ կոդ», «Պրեգոմեշ», խոհարար, մատուցող սովորել եւ այլն, բազմաթիվ տարբեր մասնագիտություններ կան: Հայտը լրացնում են, մենք ուղարկում ենք էդ կազմակերպություն, իրենք հարցազրույց են անում, տեսնում են՝ ով որ մասնագիտությանն ավելի լավ կլինի, ընդունում են այդ երեխաներին, տեսական գիտելիքներ են տալիս, հետո պրակտիկայի հնարավորություն են տալիս, հետո…
— Այդ ամենն անվճա՞ր:
— Միանշանակ անվճար… Հետո տեսնում են, եթե այդ պահին ունեն աշխատատեղ, ընդունում են աշխատանքի, եթե չունեն, վերադարձնում են մեզ երեխաներին, իրենց սովորեցնում ենք CV կազմել, հարցազրույց անցնել, բացատրում ենք՝ ինչպես փնտրել աշխատանք: Դե, ով էլ ասի՝ Ագայի մոտ մեյքափ եմ սովորել կամ Սեդրակ Մամուլյանի մոտ խոհարարություն եմ սովորել, ինքը շատ հեշտությամբ աշխատանք կգտնի: Ուղարկում ենք աշխատաշուկա՝ աշխատանք գտնելու:
— Իսկ այս ամենում քաղաքական որեւէ բան կա՞, իրենք ներգրավվելո՞ւ են քաղաքական միջոցառումներին:
— Ո՛չ: Իրենց կյանքն է, իրենք են որոշում, մենք մեր կողմից ոչ մի բան չենք առաջարկում. ո՛չ ասում ենք՝ ասեք՝ լավ, ո՛չ ասում ենք՝ ասեք՝ վատ, մենք նման բաներ չունենք: Բայց լինելու են այդ երեխաների հետ հարցազրույցներ, ձեր կազմակերպության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ, հավաքներ: Նույնիսկ Բելլա Քոչարյանը եթե հարցազրույց է տալիս, չպետք է լինի քաղաքական: Սա զուտ բարեգործական ծրագիր է, սոցիալական ծրագիր է, որը մարդկանց ապահովում է աշխատանքի հնարավորություն:
— Իսկ որտեղի՞ց է ֆինանսավորվում այդ ամենը:
— Նայեք, էն կազմակերպությունները, որոնք ընդունում են երեխաներին, իրենք իրենց վրա են վերցնում կրթության ծախսերը: Այսինքն՝ երեխաները գումար չեն ծախսում, ՀԿ-ները գումար չեն ծախսում, էդ կազմակերպությունները իրենց վրա են վերցնում սովորեցնելու պրոցեսը:
— Նո՞ր է ձեր ՀԿ—ն, կարո՞ղ եմ գտնել համացանցում:
— Սա ծրագրերի իրականացման գրասենյակ է, նոր է, կայքեր, էջեր եւ այլն, նոր պատրաստելու ենք…..
Ինչպես եւ երեւում է, առաջին հայացքից շատ բարի նպատակ է հետապնդում «Goal it»-ը. օգնելու է երիտասարդներին գտնել անձանց, կազմակերպություններ, որոնք պատրաստ են անվճար պարապել, մասնագիտացնել իրենց: Երբ մի փոքր ավելի հեռուն ես փորձում նայել, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս: Մասնավորապես, Առաջին տիկնոջ կարգավիճակից հետո ե՞րբ է վերջին անգամ Բելլա Քոչարյանը բարեգործությամբ զբաղվել, ի՞նչ կապ ունեն այդ բարեգործությունները Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի, դատարաններում կազմակերպվող ակցիաների հետ, ո՞րն է Բելլա Քոչարյանի անելիքը, եթե այսպիսի ծրագրեր հասարակական կազմակերպություններն իրենք էլ իրականացնում են, ո՞րն է նրա բարեգործության բնույթը, եթե իրականում բարի գործ անում են երեխաներին կրթություն տվողները, եւ այսպես շարունակ:
Մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց, որ Բելլա Քոչարյանի նոր «բարեգործական» ծրագրի մասին մեզանից է լսում, բայց նախորդ տարի էլ ճամբար էին կազմակերպել, մարզերով շրջում էին, երիտասարդներին ներգրավելու բազմաթիվ նախաձեռնություններ իրականացնում:
«Վերջերս աչքովս ընկավ ՀՀԿ հայտարարությունը. չեմ հիշում՝ որ վարչական շրջանում էր՝ գրասենյակը հայտարարում էր անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու մասին: Բնականաբար, հիմա բոլոր լծակներն օգտագործելու են երիտասարդներին անվճար կրթություն ապահովելու տեսանկյունից, կրթաթոշակներ տրամադրելու եւ այլն, հիմա «Լույս» հիմնադրամն է ակտիվ աշխատում: Հսկայական գումարներ ունեն կուտակած եւ այդ գումարներով փորձելու են երիտասարդներին իրենց դաշտ ներգրավել»,- ասաց պատգամավորը:
Ի՞նչ հեռահար նպատակ են փորձում լուծել դրանով. այս հարցին ի պատասխան՝ Աբրահամյանն ասաց, որ բնական է, որ այստեղ բոլորովին բարի ցանկությունը չէ, որ իրենց համար մոտիվացիա է հանդիսանում.
«Որովհետեւ եթե էդպես շատ մտածեին երիտասարդների կրթության մասին, տարիներով Հայաստանի կրթության վիճակն այսքան վատ չէր լինի: Եվ մեծ հաշվով երիտասարդներից խլված ու թալանված փողերով հիմա փորձում են տարբեր խավերի քաղաքացիների լավություն անել: Իհարկե, այդտեղ դրված է իրենց թակարդը գցելու, եւ այդ մարդկային կապիտալը հետագայում օգտագործելու նպատակ: Սրա կանխարգելիչ նպատակներից մեկը պետք է լինի՝ հասկանալ, թե այդ հիմնադրամները որքանով են թափանցիկ գործում, որքանով են օրենքի դաշտում: Դա պետք է անպայման դիտարկել»,- կարծում է Գայանե Աբրահամյանը:
Աղբյուրը` Armtimes.com