Կարեն Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Տրանսպորտի թանկացումը Սարգսյանն ու Քոչարյանը չպիտի մարսեն։
Երբ որ տրանսպորտի գինը պետք է բարձրացնեին, մի տարի առաջ արդեն ԶԼՄ-ներով լուրեր սկսեցին տարածել, որ թանկանալու է, ստուգեցին ինչ տրամադրություններ կան, չթանկացրեցին, բայց դրա անխուսափելությունն արդեն ներդրեցին ժողովրդի ուղեղի մեջ։ Հետո հարցեր առաջացան թանկանալու հետ կապված, Տարոն Մարգարյանը հերքեց, դրանով իսկ շահեց տրանսպորտի անխուսափելի թանկացման կասեցնող, իրականում թեկուզ հետաձգող «հերոս»։ Հետո թանկացավ գազն ու էլեկտրաէներգիան, դա կապվեց տրանսպորտի ուղեվարձի հետ և թանկացման անխուսափելությունն էլ ավելի արմատավորվեց։ Հետո սկսեցին «հավաստի աղբյուրները» խոսել, որ թանկանալու է և դառնալու է 200-250 դրամ, դրան հետևեցին հերքումներ՝ դեռ ոչինչ պարզ չի տեսքով, այսինքն մեղմ հաստատում։ Ընթացքում միշտ ցույց էր տրվում, որ տրանսպորտի սպասարկման որակը լավը չի, անվտանգությունն էլ հուսալի չի։
Ի՞նչ վիճակում էր ժողովուրդը․ կարելի է ասել պատրաստ էր թանկացմանը, քանի որ երկար ժամանակ նախապատրաստել էին, գազի հետ կապված թանկացումը ընդվզում չէր առաջացրել և արդարացրել էր տրանսպորտի թանկացումը, և 200-250-ի փոխարեն 150 դրամը, այսինքն վատի և ավելի վատի միջև ընտրությունը նույնիսկ լավություն կարող էր ընկալվել, անվտանգության ու որակի հարցն էլ պետք է ավելի հիմնավորեր թանկացումը։
Դա այն սցենարն էր, որը նախապատրաստել էին ժողովրդի համար։ Եթե թանկացնեին մեկ տարի առաջ, առանց նախապատրաստելու, ընկալումներն ու արձագանքները շատ ավելի բուռն կլինեին։
Ի՞նչ կատարվեց․ քաղաքացիները առաջ քաշեցին իրենց պահանջները և թելադրեցին իր խաղի կանոնները, առաջադրեցին իրենց օրակարգը, դեռ մինչև թանկանալը որոշ քաղաքացիներ արդեն դրել էին այդ նպատակը և չէին ենթարկվել մանիպուլյացիային։ Արդյունքում այդ թանկացման սցենարը տապալեցին։
Այս տեխնոլոգիաները կիրառում են ավելի լուրջ դեպքերում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի թեման գցելով, քննարկումներ, քննադատություններ, համեմատություններ անելով ժողովրդին նախապատրաստում են հնարավոր դերակատարությանը, ինչքան էլ, որ ցավոտ լինի սկզբում, ժամանակի ընթացքում համակերպվելու են, ներշնչում են, որ իր ընտրությունը միայն այդ շրջանակներում է, առաջ է գալիս վատի ու ավելի վատի միջև ընտրությունը և շատերը կարող են ասել ավելի լավ է ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը, նաև կենտրոնացնում են քննարկումները միայն այդ տրամաբանության մեջ՝ շեղելով ու չթողնելով այլ կերպ մտածել։ Շատ շատերը ակամա ընկնում են այդ մանիպուլյացիայի մեջ։ Դրան մեծապես նպաստում են ԶԼՄ-ները, նաև անկախ, որոնք ընկնում են այդ փակուղու մեջ և մասնակցում այդ պրոցեսին։
Իսկ ի՞նչ խնդիր են լուծում, չեզոքացնում են ժողովրդին որպես գործոն, որ ոչ թե մտածի, քննարկի ինքն ինչ է ուզում, այլ «ընտրություն» կատարի մատուցվածից։
Ի՞նչ անենք մենք․ այս դեպքում ևս պետք է չնայել թե ինչ են նախապատրաստում, այլ մտածել և ասել ինչ ենք մենք ուզում և ոնց ենք դրան հասնելու ու սկսել սեփական քաղաքականությունը թելադրել։ Իսկ ամիսներով վարչախմբի խաղերի անպտուղ քննարկումները կարելի է օգտագործել հենց այդ գործի համար։ Անմասն չպիտի մնան նաև ԶԼՄ-ները։ Արդյունքում վարչախմբի այդ սցենարն էլ կտապալվի»։