տուն Տնտեսական Քոչարյանը չի հավատում պաշտոնական թվերին, քանի որ ինքն էր ժամանակին կեղծում դրանք

Քոչարյանը չի հավատում պաշտոնական թվերին, քանի որ ինքն էր ժամանակին կեղծում դրանք

292
0

944C054F-991D-4695-B525-F4E6AEEE2217_mw1024_n_s

2002-2007 թվականնեներին, երբ պաշտոնական վիճակագրությունը երկնիշ տնտեսական աճ էր ցույց տալիս, մամուլի ու անկախ փորձագիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ կա՛մ չէին հավատում, կա՛մ շեշտում էին, որ այդ աճը հասարակ քաղաքացին չի զգում: Ինչու՞ հասարակ քաղաքացին այդքան աճ չէր զգում: Որովհետեւ, նախևառաջ, թվերը, հատկապես գյուղատնտեսության մասով, ուղղակի նկարվում էին: Քանի որ գյուղատնտեսությունը հարկման դաշտից դուրս էր, նշանակություն չուներ՝ գյուղերից մարզպետարաններ ու այդտեղից էլ՝ վիճակագրական ծառայություն անասունների գլխաքանակի վերաբերյալ (օրինակի համար) ինչ թվեր էին ուղարկվում: Ստացվել էր մի պարադոքս, երբ 2000-ականների կեսերին Հայաստանը, որոշ գյուղմթերքների առումով (օրինակ՝ կարտոֆիլի, պոմիդորի), գերազանցել էր ԽՍՀՄ տարիների ցուցանիշները, բայց չգիտես ինչու այդ նույն գյուղմթերքից ներմուծում էր շատ ավելի շատ, քան երբևէ ներմուծել էր:

«Փչած» թվերի հիմնական «սյունը», սակայն, շինարարության ոլորտն էր: Այստեղ մեծ թվեր էին ապահովվում  «Հյուսիսային պողոտա» կառուցելով, այսինքն՝ էլիտար շենքեր սարքելով: Մեկ շատ թանկ էլիտար շենքի արժեքը մտնում էր համախառն ներքին արդյունքի մեջ ու մեծ աճ ապահովում: Հիմա այդ շենքերը կիսադատարկ են (մեր տնտեսությունն ի վիճակի չէր մարսել դրանք), շատերը՝ կիսակառույց: Մինչդեռ, կարելի էր 1 էլիտարի փոխարեն առնվազն մի քանի հասարակ շենք կառուցել՝ ավելացնելով շուկայում վաճառվող հասանելի (միջին եկամուտներով մարդկանց համար) բնակարանների թիվն ու խելամիտ սահմաններում պահել բնակարանների գները:

Բայց շինարարության ցուցանիշները միայն դրանով չէ, որ աճում էին: Մեկ շենքը ՀՆԱ-ի մեջ մտնում էր ոչ թե իր արժեքով, այլ իր արժեքից մի քանի անգամ շատ գնով՝ շնորհիվ բանկային վերաձևակերպումների: Նույն շենքի կառուցման համար տրված վարկը անընդհատ վերաձևակերպվում էր: Կառուցապատողը նոր վարկ էր վերցնում՝ փակելով նախորդը առնվազն մի քանի անգամ:

Հիմա այդ տարիներին երկիրը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանը այսօր հայտարարում է, որ չի հավատում հիփոթեկի վերաբերյալ պաշտոնական թվերին: Խոսելով Տիգրան Սարգսյանի հոդվածում բերված պաշտոնական թվերից, որոնք հիփոթեկի վարկավորման ծավալների նշանակալի աճ էին ցույց տալիս, նա ասում է. «Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեկի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները»: Ավելին՝ Քոչարյանը պարզապես հայտարարում է, որ չի հավատում այդ թվերին: «Ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա»:

Արդեն պարզ է, թե ինչու Քոչարյանը չի հավատում պաշտոնական թվերին: Նա գիտի, որ բանկերը վերաձևակերպում են վարկերը ճիշտ այնպես, ինչպես իր տարիներին, և որ նման սխեման շատ ձեռնտու է թվեր ուռճացնելու և խնդիրները թաքցնելու տեսակետից:  Այնպես որ, շինարարության մասին Քոչարյանի վերջին դատողություններն ավելի շատ ինքնախոստովանության են նման:

Բայց մի բանում Քոչարյանը շատ ճիշտ է: Այո՛, 2004-2007թթ. Քոչարյանի փչած շինարարության փուչիկը 2008-ին փլվեց՝ հանգեցնելով տնտեսության երկնիշ անկման: Բայց դա չի նշանակում, թե գործող կառավարությունը 6 տարի շարունակ պետք է նստեր ու պատմեր ժողովրդին շինարարության փուչիկի մասին: Լավ, ասենք 2008-ին ու 2009-ին անկումը տարամաբանական էր, բայց ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ և՛ շինարարության, և՛ ընդհանուր տնտեսության անմխիթար վիճակի մեղքը գցել դրան նախորդող մի քանի տարիների շինարարության աճի վրա: Այս տեսակետից Քոչարյանը շատ դիպուկ է արտահայտվել, ասելով. «անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները՝ նախորդների գործողություններով»:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here