Թե ինչու մինչ այս պահը ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադարձել Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին ասաց.
— Կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցվելու մասին հայտարարության հետ կապված այդ ամբողջ պատմությանը, որը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել: Սպասվում էր, որ այդ համաձայնագրերի նախագծերը կհրապարակվեն, և կարելի կդառնա, ըստ էության, տեսակետ հայտնել հարցի վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, և խոսելու դեպքում ստիպված ես կենտրոնանալ ոչ թե կայացված որոշման, այլ` տեղի ունեցած իրադարձության ձևի վրա: Իսկ դրա մասին գործնականում ամեն ինչ ասված է:
Անդրադառնալով վերջերս շրջանառվող այն տեղեկությանը, թե Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի երեք նախագահների հանդիպումը` Վիկտոր Սողոմոնյանը ասաց.
— Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնության ի հայտ գալը անակնկալ էր մեզ համար: Բանն այն է, որ այդ նախաձեռնության մասին հայտարարելու պահից ընդամենը մեկ-երկու օր առաջ պրն Իսագուլյանը հանդիպում և զրույց է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, բայց բառ անգամ այդ մասին չի խոսել:
Հարցազրույցն ամբողջությամբ` Yerkir.am-ում