տուն Քաղաքական Վերլուծական Քննադատական, քաղաքական խոսքի արժեզրկումը

Քննադատական, քաղաքական խոսքի արժեզրկումը

258
0

brainwash1111Հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը, չնայած լրատվության ահռելի հոսքին, իրականում նմանվում է կարծրացած ինչ-որ իրողության, որտեղ  առարկայական ոչինչ չի փոխվում: Նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր քաղաքական ուժերը կանխատեսումներ էին անում, որ իշխանություններին սպասվում է «թեժ աշուն», իշխանական ճգնաժամի մասին որոշ ուժեր խոսում են հինգ ու ավելի տարի, սակայն երկրի ներքաղաքական դաշտում, որևէ իրական շարժ չկա: Ընդ որում, չի փոխվում ոչ թե հօգուտ իշխանության կամ ի վնաս ընդդիմության, այլ պարզապես ոչինչ չի կատարվում` հայտարարություններից զատ: Սա արդեն խոսում է ոչ թե իշխանության կամ ընդդիմության ճգնաժամի, այլ համընդհանուր լճացման մասին:

Նույն իրավիճակը շարունակեց պահպանվել Մաքսային միություն մտնելու հայտարարությունից հետո: Թվում էր` երկրի հետագա զարգացման համար այս կարևորագույն իրադարձությունը որոշակի քաղաքական գործընթացների համար կատալիզատոր կարող էր  դառնալ: Սակայն այստեղ էլ կրկին մենք հանդիպեցինք հայ քաղաքական դաշտի լիակատար իներտությանը: Այս ամենի ֆոնին ավելի ու ավելի է «կատարելագործվում» մի իրողություն, որը պայմանականորեն կարող ենք անվանել քաղաքական խոսքի ու քննադատության արժեզրկում:

Սերժ Սարգսյանի բազմիցս հայտարարած խոսքի ու մամուլի ազատությունը սպառնում է պատուհաս դառանալ հայաստանյան հասարակության գլխին: Հիմնականում իշխանական ճամբարից ուղղորդվող և քաղաքական պատվեր կատարող լրատվամիջոցների բազմազանության արդյունքում գրեթե անհնար է դարձել ճշմարտությանն առավել մոտ կարծիք կազմել որևէ իրադարձության վերաբերյալ: Հենց այս բազմազանությունը նաև բերում է ցանկացած քաղաքական ու քննադատական խոսքի արժեզրկման: Չափազանցություն չի լինի ասել, որ ներկայումս մեր հասարակությունը ենթարկվում է լրատվական տեռորի` հայրենական լրատվամիջոցների կողմից:  Հայտնագործություն չենք անի, եթե շեշտենք, որ ցանկացած կարծիքի, քննադատության, հայտարարության անվերջ շրջանառումը մի քանի տասնյակ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բերում է բովանդակության ոչնչացման:

Արդյունքում մենք հայտնվում ենք այնպիսի մի իրավիճակում, երբ  բազմաթիվ լրատվամիջոցների կողմից այնքան շատ է խոսվում գործընթացի մասին, որ բուն գործընթացն արդեն տեղափոխվում է վիրտուալ դաշտ և սահմանափակվում բուռն հռետորաբանությամբ: Այս առումով կարող ենք նշել նաև, որ հայաստանյան մեդիադաշտի՝ անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց կտա, որ մենք գործ ունենք ոչ թե տարերային, այլ հստակ ուղղորդվող ու ղեկավարվող ինֆորմացիոն դանդաղ գործողության քիմիական զենքի հետ:

Առարկայական մակարդակում, եթե վերցնենք, ասենք, նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածը, ապա հստակ կարող ենք առանձնացնել մատների վրա հաշվվող իրադարձություններ`սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում, քաղաքացիական ռեալ պայքարը Կոմիտաս 5-ում կատարվող շինարարության դեմ, որն ինչ-որ արդյունքներ այնուամենայնիվ տվեց, նոյեմբերի 5-ի իրադարձությունները, երբ Շանթ Հարությունյանը ինչ-որ առումով ֆեյսբուքյան հեղափոխականությունը վերածեց իրական քայլերի, և գուցե ևս մի քանի բան, որոնք այստեղ չեն հիշատակվում:

Մնացյալի առումով կարող ենք ասել, որ նախագահական ընտրություններից հետո մենք ունեցանք, կամ ավելի ճիշտ, չունեցանք առարկայական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի նախաձեռնած մի շարք հանրահավաքներ, ոչինչ չտվող և պայքարի այդ եղանակը վերջնականապես հեղինակազրկող հացադուլ, նախագահի այցելություն Վիլնյուս ոչ մի բանի համար և այլն: Այս պայմաններում կարող ենք ասել, որ մեր իրականության մեջ կա նոր իշխանության և ընդդիմության ձևավորման հրամայական, որոնք պետք է կառուցվեն որակապես նոր սկզբունքների և պլատֆորմի վրա: Ընդ որում, սա վերբերում է նաև հայաստանյան վարչախմբին, քանի որ ներկայիս ինքնաբավ վարչակարգը մսխեց իր կենսագործունեության բոլոր ներքին ու արտաքին ռեսուրսները և, համենայնդեպս, այս պահի տպավորությամբ չի կարողանում ապահովել իր վերարտադրությունը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here