Փետրվարի ամսին ԱՄՆ-ում լույս կտեսնի The Hill և Politico հրատարակչությունների լրագրողների կողմից պատրաստված գիրքը, որը պատմում է Հիլարի Քլինթոնի գործունեության և նրա ընտանիքի մասին։ Մամուլում հայտնվել են այդ գրքից որոշ մեջբերումներ, որոնք գրավել են ապագա ընթերցողների ուշադրությունը։
Ըստ հեղինակների՝ Քլինթոն ընտանիքը կազմել է իրենց ընկերների և հակառակորդների ցանկ՝ տալով նրանց հավատարմության բալեր։ Ամենահավատարիմ ընկերները ստանում են +7 բալ, հակառակորդները գնահատվում են մինչև -7 բալ։
Պարզվում է, որ Քլինթոնների համար ամենամեծ հակառակորդներից ու անցանկալի անձերից է ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ջոն Քերին։ Բանն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Քերին իր աջակցությունն է հայտնել Բարաք Օբամային, այդպիսով Քլինթոնը զրկվել է կարևոր ձայներից և ի վերջո զիջել է։
Մասնագետները կարծում են, որ փետրվարին լույս տեսնող գիրքը կարող է վնաս հասցնել Հիլարի Քլինթոնին, ով համարվում է 2016 թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից մեկը։