Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, որը Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանը, որը վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հայտնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան