Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հիշել է տարիներ առաջվա իր հաջողված և անհաջող կերպարները, գրում է Daily Mail-ը:
39-ամյա Քիմի՝ 2013 թվականի Met Gala միջոցառման ժամանակ կրած ծաղկավոր զգեստը շատ բացասական մեմերի պատճառ էր դարձել:
«Ես լացում էի ամբողջ ճանապարհին. չէի կարողանում հավատալ դրան: Եթե չեմ սխալվում, Ռոբին Ուիլյամսը նույնիսկ գրառում է արել այդ մասին՝ ասելով, որ ես տիկին Դաութֆայրին եմ նման»,- ասել է Քիմը:
Աննա Վինտուրի թեմատիկ երեկույթն անցկացվել է Քիմի առաջնեկի՝ Նորթ Ուեսթի լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ՝ 2013 թվականի մայիսին:
«Ես հղիության վերջին ամսում էի, մարմինս այտուցված էր: Քանյեն պետք է ելույթ ունենար, ես էլ նրան էի ուղեկցում: Ինձ համար դա նորմալ էր, քանի որ չէի երազել այնտեղ լինել: Գիտեմ՝ այդ ժամանակ հավանաբար ոչ ոք չէր ցանկանում այնտեղ տեսնել ինձ»,- ասել է Քիմը:
Պարբերականը նշում է, որ հայկական արմատներով գեղեցկուհու ամենաանհաջող կերպարներից մեկը Foley բրենդի զգեստով և Jimmy Choo բրենդի կոշիկներով կերպարն է եղել, որը հեռուստաաստղը կրել է Keeping Up with the Kardashians իրապատում շոուի 2007 թվականի պրեմիերայի առիթով կազմակերպված երեկույթի ժամանակ:
«Հավանաբար դա կյանքիս ամենավատ կերպարն էր»,- խոստովանել է Քիմը։