ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների արձագանքը՝ Կիևում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, անընդունելի է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Հիշեցնենք, որ այս պահին ուկրաինական ոստիկանության հատուկ ջոկատները գրոհել են Մայդանը՝ փորձելով այն ազատել ցուցարարներից։
«ԱՄՆ-ն իր բողոքն է արտահայտում ուկրաինական իշխանությունների՝ Կիևի մայդանում խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության հատուկ ջոկատայիններով, բուլդոզերներով և մահակներով գործելու կապակցությամբ, մինչդեռ անհրաժեշտ էր հարգել ժողովրդավարական իրավունքները և մարդկային արժանապատվությունը։ Այս պատասխանն անընդունելի է և հարիր չէ ժողովրդավարական պետությանը», — հայտարարել է Քերին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն, ով այս պահին գտնվում է Կիևում, հայտարարել է, որ ցավով է հետևում, թե ինչպես է ոստիկանությունը հարձակվել մայդանի վրա։
«Ես դեռ Կիևում եմ։ Ես Ձեր հետ էի Մայդանում երեկ երեկոյան, և ինձ ապշեցրեց եվրոպական հեռանկարի համար հանդես եկող ուկրաինացիների վճռականությունը։ Այժմ, մի քանի ժամ անց, ես ցավով եմ հետևում, թե ինչպես է ոստիկանությունն ուժ կիրառում, որպեսզի հեռացնի մարդկանց Կիևի կենտրոնից», — հայտարարել է Էշթոնը։