Քեսաբի դեպքերի առթիվ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայազն» կուսակցությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրիայում ահագնացող պատերազը շարունակում է ավերել երկիրը՝ մեծ կորուստներ եւ զրկանքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Անհանդուրժելի չափերի են հասնում նաեւ հայ համայնքի կորուստները, որը հերթական արհավիրքի է մատնվել հայաբնակ Քեսաբի բռնագրավման հետեւանքով:
Որպես ապստամբ ներկայացող զինված ահաբեկչական խմբավորումները Քեսաբ են ներխուժել Թուրքիայի տարածքից` Անկարայի անմիջական ռազմական աջակցության ներքո: Ակնհայտ է, որ կատարվածը թուրքական պետության ոչ միայն հակասիրիական, այլեւ հակահայկական թշնամանքի հերթական բացահայտ դրսեւորում է:
Իրադարձությունների համատեքստում առաջնահերթ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Խոսք անգամ չի հնչել` Անկարայի ու նրա կողմից հովանավորվող զինյալների դատապարտման կամ մեր հայրենակիցների պաշտպանության համար։
Տարիների ընթացքում, սպառնալի իրադարձությունների ֆոնին, բազմիցս հայտարարվել է Միջին Արեւելքի հայության պաշտպանության, Հայաստանում բնակեցման եւ ինտեգրման համալիր ծրագիր ունենալու անհրաժեշտության մասին: Այսպիսի ծրագիր ցայսօր գոյություն չունի, իսկ սեփական միջոցներով Հայաստան տեղափոխված փախստականների մեծ մասը իշխանությունների դրսեւորած լիակատար անտարբերության պատճառով չի կարողանում հաստատվել հայրենիքում:
Հայ ժողովրդի բոլոր հատվածներին անվտանգության երաշխիք եւ զարգացման հնարավորություն կարող է տրամադրել միայն հայրենի պետությունը եւ նրա բանակը: Ազգային պետության այդ կարեւոր պարտավորությունը գիտակցաբար արհամարհող ներկայիս վարչախումբը չի կարող եւ չպետք է կառավարի Հայաստանը՝ ենթակա լինելով անվերապահ համակարգային տապալման»: