տուն Լուրեր Քառյակը բոյկոտեց այսօրվա ԱԺ նիստը, քանի որ Կառավարաթյունը չի կատարել իր խոստումը....

Քառյակը բոյկոտեց այսօրվա ԱԺ նիստը, քանի որ Կառավարաթյունը չի կատարել իր խոստումը. Աղվան Վարդանյան

102
0

Agvan-Arcvik

Այսօր Ազգային Ժողովում ոչ իշխանական քառյակը բոյկոտեց նիստը և չգրանցվեց, որի հետևանքով նիստի քվորումը հետաձգվեց 20 րոպեով, մինչեւ խորհրդարան ժամանեցին ուշացած հանրապետական պատգամավորները:

Այս առիթով լրագրողները հետաքրքրվեցին ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանից, թե ինչու քառյակը բոյկոտեց նիստը:

Աղվան Վարդանյանն ասաց, որ սա քաղաքական պայքար է, կա ընդդիմություն, կա իշխանություն և ամեն մեկը իր գործիքակազմից է օգտվում:

«Հիմնական պատճառը, փաստորեն, այն է, որ երեկ նիստի սկզբնամասում Կառավարությունը  բերել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքը նոր խմբագրությամբ, որտեղ մեզ համար անընդունելի բազմաթիվ դրույթներ կային: Այս առումով  անհասկանալի է. յուրաքանչյուր օրենք պետք է առնվազն 15 օր հրապարակային լինի, այսինքն պետք է 15 օր առաջ այս օրենքի նախագիծը դրվեր Կառավարության կայքէջում: Նախ կառավարությունը իր ծրագրի ներկայացման ժամանակ ասաց, որ քննարկումներ կկազմակերպի քաղաքական ուժերի հետ, եւ այնպիսի մոդել կընդունվի, որ ընդունելի կլինի հանրության մեծ մասի համար: Կառավարությունը չի կատարել իր խոստումը: Կառավարությունը ընդդիմությունից խնդրել էր նաև, որ մարդիկ տրամադրեն, մասնագետներ, որ ստեղծեն միասին  աշխատանքային խումբ՝ այդ մոդելը մշակելու համար: Մենք, իբրև պատասխանատու քաղաքական ուժ՝ 4 հոգի էինք ներկայացրել, բայց չձևավորվեց քննարկում, չեղավ որեւէ  աշխատանք և Կառավարությունը պարզապես հրավիրեց ու տեղեկացրեց իրենց պատրաստի մոդելի մասին»,- պարզաբանեց Վարդանյանը: