Այսօր Տեսակետ մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսում Հայազն կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանն ու Ալեքսանդր Քանանյանը խոսեցին ներքաղաքական վերջին իրադարձություններից, իրենց հետագա անելիքներից:
-Ի հեճուկս տարիներ ձգվող թատրոնի, արցախցիներն իրենց համարում են Հայաստանի մաս, և Սերժ Սարգսյանի այն հայտարարությունները, թե՝ ո՞վ է ասել, որ Արցախը Հայաստանի մաս է, ու Հայաստանի հետ պետք է մտնի Մաքսային Միություն, արցախցիներին բավական վիրավորել է: Թե քաղաքաբնակ թե գյուղաբնակ արցախցիները շատ մեծ դժգոհությամբ ընդունեցին Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու պահվածքն Աստանայում:
Արցախում ամիսներ առաջ տեղի է ունեցել մի փակ հանդիպում, որտեղ Սերժ Սարգսյանը համոզել է արցախցիներին` մաքսակետեր տեղադրել և այլ փակ ինֆորմացիաներ հաղորդել: Մասնավորապես հայտարարել է, որ Նազարբաևը դեմ է, որպեսզի Հայաստանն ու Արցախը միասին մտնեն ՄՄ,-եզրափակեց կուսակցության վարչության անդամ, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը։
-Ես չեմ հասկանում Հայաստանի անելիքներն ու ապագան այդ անհասկանալի միության մեջ, -խոսելով Մաքսային Միության մասին՝ ասաց Հայազն կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
-Ինձ մոտ տպավորություն է, որ ռուսներն իրենց քայլերով ամեն բան անում են, որ մենք սկսենք առավել շատ իրենց չսիրել,-խոսելով Միկոյանի, Կալաշնիկովի արձանների տեղադրման մասին՝ ասաց բանախոսը:
Անդրադառնալով քառյակի ու դրան՝ նախկին նախագահ Քոչարյանի միանալու մասին, Աղայանն ասաց, որ քառյակը վաղ թե ուշ կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ քառյակի գործունեությունն ի սկզբանե համահունչ էր Քոչարյանի ռևանշիստական ծրագրերին:
Աղայանը նաև խոսեց այն մասին, որ քաղաքական ուժերի ձևափոխություն է անհրաժեշտ, պետք է բիզնես ընկերություններից դառնալ քաղաքական ուժեր, ինչի օրինակն իրենք ցույց կտան սեպտեմբեր ամսին:
-Կուռքերով ղեկավարվող կառույցները ջախջախվելու են, ինչպես տեսանք արդեն վերջին շրջանում,-ավարտեց բանախոսը: