Ջրելու կաթլիային համակարգի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության ապագան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով՝ այս համակարգի ներդրման դեպքում ոչ միայն բանջարաբոստանային կուլտուրաները կստանան ճիշտ այնքան ջոր, որքան անհրաժեշտ է, այլև կօգտագործվի այսօր օգտագործվող ջրի միայն 25%-ը: «Իհարկե դժվար է, մեծ ծախսերի հետ է կապված, բայց վաղ թե ուշ պետք է անցնենք, քայլ առ քայլ պետք է գնանք նոր տեխնոլոգիաներին»,- ասաց Հ. Բերբերյանը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներ աստիճանաբար պետք է ներդրվեն նաև մեր ջերմոցային տնտեսություններում, որոնց մեծ մասը դեռ հին մեթոդներով է աշխատում և ունի միայն 2 մետր բարձրություն: Ըստ Բերբերյանի՝ այդպիսի ավանդական ջերմոցային տնտեսություններն էլ պետք է առավել լավ ուսումնասիրեն շուկան, որովհետև, եթե լոլիկի ու վարունգի արտադրությունը այս պահին այնքան էլ շահութաբեր չէ, ապա ելակի արտադրությունը մեծ օգուտներ կարող է բերել:
Բերբերյանը նաև շատ կարևորեց կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութերի ներմուծումը Հայաստան, որի մասին հայտարարել էր նաև Սերժ Սարգսյանը: Փորձագետի խոսքով՝ ավանդաբար Հայաստանում միայն մի տեսակի՝ ազոտական պարարտանյութ են օգտագործում գյուղացիները, բայց միայն դրա օգտագործումը ի վերջո կարող է մարդու առողջությանը վնասել: Այսօր, ըստ Բերբերյանի, Հանրապետության հողերի մեծ մասը կալիումի ու ֆոսֆորի կարիք ունի, իսկ այն հատվածները, որտեղ հողը դեռ հարուստ է կալիումով ու ֆոսֆորով (Վարդենիս), բերքը ավելի համեղ է ստացվում: