«Ֆեյսբուքի» օգտատեր, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը իր էջում գրել է.
«Չգիտեմ՝ ներելի անգիտությունի՞ց, տգիտությունից, թե՝ քաղաքական մանիպուլյացիայի պարտադրանքից դրդված, երեկ հեգնական գրառումներ հայտնվեցին, թե իբր Երևանում ուզում են տեղադրել քայլող մարդու արձան, քանի որ քայլելը… դե, հասկանում եք:
Գրառումներն արձագանք էին Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի մոտ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանի մասնակցությամբ ՎԵՐՋԱՊԵՍ քննարկվել է թե առհասարակ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻ քանդակները Հայաստան բերելու և թե մասնավորապես նրա «Քայլող մարդը» սքանչելի ստեղծագործությունը ՎԵՐՋԱՊԵՍ Երևանում տեղադրելու հարցը՝ Վարպետի երազանքներից մեկն ի կատար ածելու հույսով:
Մեծանուն քանդակագործի հեռանալու օրը գրել էի, որ նա հեռացավ՝ իր հոշոտված «Կոմիտաս»-ի ցավը սրտում, իր «Քայլող մարդը» Երևանում չտեսած, Հայաստանում, Երևանում իրեն չվերագտած, իր նվիրաբերած արվեստի հրաշքները Երևանի կողմից չընդունված… և այլն:
Ավելացնեմ՝ ի վերջո՝ նախկին բոլոր իշխանություններից խաբված, հուսախաբված, հուսազրկված…
Եվ հանկարծ՝ նոր իշխանությունը որոշում է գնալ դեպի Արտո Չաքմաքչյանը, որպեսզի ոչ թե կենացներ ասենք Արտոյի մասին, այլ համաշխարհային այդ երևույթի քանդակներն ունենանք մեր հայրենիքում, նրա հայրենիքում: Որպեսզի գերեզմանաքարերից ու գերեզմանային արձաններից բացի նաև քանդակ ունենանք, բայց անգիտությունից, տգիտությունից կամ որ ավելի ենթադրելի է՝ աններելի քաղաքական ստոր ու մանիպուլյատիվ մղումներից դրդված հեգնում ենք ու ծաղրում:
Դրա փոխարեն` աչալուրջ լինենք, որ ասածներն անեն…
ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ…
Հ.Գ. Պաշտոնյաներին նշել եմ, որ իմանան, որ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ…»: