Այն, որ հայաստանյան իշխանությունները վաղուց արդեն կորցրել են գործնականությունն ու արդյունավետությունը, ամենևին էլ գաղտնիք չէ: Բնականաբար, դա վերաբերում է նաև իշխանության ենթակառույցներին, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանին: Եթե ուշադիր հետևենք քաղաքապետարանի վերջին գործողություններին, ապա կտեսնենք, որ, չհաշված տրանսպորտի թանկանալու մասին քարոզչությունը, քաղաքապետարանն ու Տարոն Մարգարյանը զբաղված են բուտաֆորային հարցեր քննարկելով: Վերջին օրերին հրավիրված ավագանու նիստերում հիմնականում քննարկվում էին ռեժիմին հատուկ ծառայություններ մատուցած գործիչներին պատվավոր քաղաքացու կոչում տալու, հայտնի ու անհայտ անձանց անուններով հուշատախտակներ թողարկելու, ծաղկատեսակների ավելացման և այլ՝ առկա պայմաններում անլուրջ տպավորություն թողնող նախաձեռնություններ:
Ձվի մեջ մազ փնտրողի տպավորությունից խուսափելու համար նշենք, որ առավել խորքային հիմնախնդիրների լուծված լինելու դեպքում քաղաքապետարանը կարող էր նաև իրեն թույլ տալ նման մանրուքների մեջ մտնել, բայց այն, ինչ տեսնում է յուրաքանչյուրս աշխատանքից կամ տանից դուրս գալիս, նմանվում է մղձավանջի , որի ֆոնին կարմիր թելի նման անցնում են «քաղաքային գեղեցիկ ծաղկաստաններն» ու քաղաքը մանկապարտեզի վերածած անճաշակ ու գավառական որմնանկարներով դալանները:
Սակայն այս ամենից առանձնանում են զուտ տրանսպորտային խնդիրները: Փոխադրավարձը թանկացնելու գծատերերի առաջին փորձի ձախողումից հետո Երևանի քաղաքային չինովնիկությունը, որոնցից շատերը նաև հենց գծատերեր են, այլ տակտիկա է մշակել: Այսպես կոչված հանրային քննարկումների ու թանկացման չափն ու մեխանիզմները ուսումնասիրող հանձնաժողովների «աշխատանքին» զուգահեռ, ամենայն հավանականությամբ՝ միտումնավոր կերպով, Երևանի տրանսպորտային ցանցի առանց այդ էլ անմխիթար վիճակն առավել է վատթարացվում: Մեծ ուշադրություն պետք չէ տեսնելու համար, որ երթուղայինների տեղաշարժման միջանկյալ ժամանակահատվածը երկարաձգվել է, հնարավոր է, նաև քչացվել է շահագործվող մեքենաների թիվը, բոլոր դեպքերում արդյունքը լինում է միանշանակ` առավոտյան և երեկոյան ժամերին ամբողջ քաղաքում երթևեկությունը կաթվածահար վիճակում է հայտնվում, և դա առանց բացառությունների, որպես կանոն՝ ամեն օր: Արդյունքում դուրս է գալիս, որ քաղաքապետարանը ամեն ինչ անում է քաղաքային երթևեկությունը անհնար դարձնելու համար:
Այս ամենի ֆոնին զավեշտալի են դառնում կոչումներն ու հուշատախտակները, պալատական մտավորականության ծանրումեծ կարծիքները քաղաքի «սիրունությանն» ուղղված քայլերի մասին, ներբողներն ուղղված շինարար քաղաքապետին: Յուրաքանչյուր քաղաք գեղեցիկ է առաջին հերթին իր հարմարավետությամբ, քաղաքային մշակույթով: Ներկայիս Երևանի վիճակի մասին խոսելիս, որևէ կերպ հնարավոր չէ օգտագործել այդ բառը, քաղաքային մշակույթը նույնացվել է կիսադեկորատիվ ժամանակավոր ծաղիկների մշակման ու դալանների անորակ նկարազարդման հետ:
Քաղքենիական այս ճաշակի վերելքին որևէ կերպ չեն խոչընդոտում և չեն էլ կարող դա անել Երևանի ավագանիում հավաքված պալատական մտավորականները, որոնցից շատերն, ինչ խոսք, իրենց ոլորտում բավական լուրջ ավանդ ունեն, սակայն դրա հետ մեկտեղ ոչնչացնում են իրենց վարկանիշը չինովնիկահաճո կեցվածքով: Ինչևէ , չցանկանալով նման նոտայով ավարտել, ընդամենը հույս ունենանք, որ ներկայումս սկիզբ առած երիտասարդական, քաղաքացիական նախաձեռնությունները վերջապես կկարողանան հաղթահարել քաղաքում և քաղաքապետարանում տիրող «գաղջ» մթնոլորտը: