տուն Հասարակություն Առողջապահություն Քաղցկեղի որ տեսակներն են տարածված կանանց և որոնք՝ տղամարդկանց շրջանում

Քաղցկեղի որ տեսակներն են տարածված կանանց և որոնք՝ տղամարդկանց շրջանում

318
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2005 թվականից սկսած փետրվարի 4-ը հայտարարել է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Օրվա նպատակը այս գլոբալ խնդրի վրա հասարակության ուշադրությունը գրավելն է, հիշեցնելը, թե որքան վտանգավոր ու տարածված են ուռուցքային հիվանդությունները:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը ասում է, որ իրենք նույնպես ամեն ինչ անում են մարդկանց մոտ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար.

«Ամիսը 4 անգամ մենք գնում ենք Հայաստանի հեռավոր գյուղեր, Արցախ, իրականացնում ենք սկրինինգային հետազոտություններ, որովհետև հեռոավոր գյուղերի կանայք միշտ չի, որ հնարավորություն են ունենում գալ և Երևանում հետազոտվել»,- պատմում  է մասնագետը:

Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ նախորդ տարիների համեմատ ավելացել է դիմելիության մակարդակը.

«Չեմ կարող ասել` նախորդ տարիների համեմատ ավելացել, թե նվազել է քաղցկեղով հիվանդացության մակարդակը, սակայն հիմա մարդիկ ավելի շատ են դիմում բժշկի, և դա քարոզչական աշխատանքի արդյունք է: Մենք ավելի շատ ենք սկսել այդ պրոբլեմի մասին խոսել, մարդկանց բացատրել, որ այս դեպքում շատ կարևոր է կանխարգելումը»,- նշում է նա:

Խաչանուշ Հակոբյանը կարծում է, որ դժվար է իմանալ, թե քաղցկեղի կոնկրետ որ տեսակով են հայերը ավելի հաճախ հիվանդանում.

«Հայերի մասին չեմ կարող ասել: Բժշկագիտությանը պարզ է, որ կանայք ավելի շատ հիվանդանում են կրծքագեղձի քաղցկեղով, արգանդի վզիկի քաղցկեղով, պարանոցի քաղցկեղով: Տղամարդիկ` ավելի շատ թոքի քաղցկեղով, որովետև ավելի շատ են ծխում: Պետք է ասեմ, որ վերջերս վահանաձև գեղձի քաղցկեղն է շատացել», — նկատում է մասնագետը:

Խաչանուշ Հակոբյանը պատմում է, որ իրենց կենտրոնի այցելուների ճնշող մեծամասնությունը բուժվել է` հիվանդությունը վաղ հայտնաբերելու միջոցով.

«Այս 22 տարիների ընթացքում մեր կենտրոնում հայտանբերվել է 14.500 դեպք, որից 10.400-ը բուժվել է շուտ հայտնաբերման միջոցով», —  նշում է Խաչանուշ Հակոբյանը: