«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի կարծիքով` այսօր Երևանի քաղաքապետարանը մեծ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքը մատչելի լինի.«Առաջին խնդիրը, որ կա՝ դա մատչելի միջավայրն է, որը պետք է ստեղծվի հաշմանդամ անձանց համար: Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով հաշմանդամների խնդիրներով զբաղվով կազմակերպությունների և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, վերջին երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է իրականացրել: Համարյա բոլոր փողոցներում կառուցվել են թեքահարթակներ և փոփոխվել են նախկինում կառուցված այն թեքահարթակները, որոնք չէին համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին և անգամ վտանգավոր կարող էին լինել կյանքի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արմեն Ալավերդյանը:
«Փյունիկ» միավորման նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը մոտ ժամանակներս շահագործման է հանձնելու նոր ավտոբուսներ, որոնք հարմար են լինելու հաշմանդամ քաղաքացիների համար.«Արդեն իսկ մրցույթ է հայտարարված և ներկրվելու են նոր 10 ավտոբուսներ, որոնք հարմար են լինելու հաշմանդամ քաղաքացիների համար»,-ասաց Հակոբ Աբրահամյանը: