տուն Քաղաքական Քաղաքացիները կարող են չվճարել սպառած գազի համար

Քաղաքացիները կարող են չվճարել սպառած գազի համար

281
0

gazprom_59Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազի գնի վերանայման պայմանագիր դեռևս կնքված չէ և քննարկման փուլում է։ Սակայն ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցադրման առնչությամբ բարձրացված աղմուկի մեջ այս կարևոր բացահայտումը ուղղակի չերևաց։ Սրան միայն այսօր անդրադարձան երկու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք նշեցին, որ այս պայմաններում լրիվ անօրինական է գազի սակագնի բարձրացումը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները գազի բարձրացված սակագնով են վճարում դեռևս հուլիսի 7-ից, իսկ այսօր պարզվում է՝ պայմանագիր դեռևս կնքված չէ, հետևաբար, Հայաստան մտնող գազի գինը ևս չի բարձրացել։ Փաստորեն, գործ ունենք պետական ամենաբարձր մակարդակով իրականացված կեղծիքի հետ, որի հետևանքով ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, 18 տոկոսով ավելի են վճարվում սպառած գազի համար։ Սրա հետևանքով առաջ եկան նաև տրանսպորտի թանկացման վերաբերյալ խոսակցությունները, հետագայում՝ նաև թանկացման փորձը, չնայած քաղաքապետարանը և ուղևորափոխադրողները փորձեցին դա պայմանավորել այլ գործոններով։ Այնուամենայնիվ, եթե տրանսպորտի դեպքում քաղաքապետարանը կարող է ուղևորափոխադրումների որակի բարձրացման խոստումներ տալ և դրանով փորձել արդարացնել թանկացումը, ապա այս դեպքում ոչ մի հիմնավորում առհասարակ գոյություն չունի։

 

Ֆիքսված կոնկրետ փաստ է, որ արդեն 3 ամիս անօրինականորեն ՀՀ քաղաքացիներից գանձվում են ավելի վճարներ. սա հաղորդում է հանցագործության մասին, ինչին առնվազն պատկան մարմինները պետք է արձագանքեն։ Տիգրան Սարգսյանը իր իսկ բերանով հաղորդում է տվել հանցագործության մասին, որի մեջ փաստացի ընդգրկված է թե՛ ինքը, թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ Հայռուսգազարդը և թե՛ սահմանադրության երաշխավոր հանդիսացող Սերժ Սարգսյանը։ Մնում է ինքնակազմակերպվել և պարտադրել քրեական գործերի հարուցում, իսկ քաղաքացիները ուղղակի կարող են չվճարել սպառած գազի վարձը և հետ պահանջել ավելին գանձված գումարները։ Ձմեռը մոտենում է, սոցիալական լարվածությունը՝ մեծանում, իսկ Տիգրան Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը կարծես այնքան էլ «դեմ» չեն հեղափոխությանը, մնում է «աջակցել» նրանց։

 

Սևակ Մամյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here