ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մի շարք քաղաքացիներ դիմել են երեխա որդեգրելու հարցով, սակայն տարբեր հաստատություններից հայտնում են, որ որդեգրման ենթակա երեխա չկա: Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում խնամքը ստանձնելու պատրվակով երկու երեխայի վաճառքը կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևանի` 1976 թ. ծնված մի բնակիչ։
Բաթոյանը նշեց նաև, որ օտարերկրացիների որդեգրած երեխաներին վերադարձնելու հարցի հետ կապված ոչինչ չի կարող ասել, քանի որ շատ կարևոր է երեխայի լավագույն շահը:
Նախարարը հիշեցրեց, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքով հարուցված քրեական գործն ընթացքի մեջ է: Բաթոյանի խոսքով՝ քրեական գործի հարուցման ու նախաքննության ընթացքում որդեգրման պրոցեսը երբևէ կանգ չի առել:
«Երեխաների որդեգրման հարցում առաջնահերթությունը պետք է տրվի Հայաստանի ընտանիքներին: Այժմ ծրագրեր են իրականացվում երեխաների որդեգրման քաղաքականության բարելավման համար: Այստեղ շատ աշխատանք ունենք անելու, հատկապես՝ Հայաստանում երեխաների կյանքն ապահովելու ուղղությամբ: Մեզ համար առաջնահերթ է, որ այս երեխաներն ապրեն Հայաստանում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ ՀՀ օրենսդրությամբ էլ առաջնահերթությունը տրվում է ՀՀ ընտանիքներին, սակայն մեխանիզմները գրեթե սահմանափակված են: Այսինքն՝ որդեգրման գործընթացում մարդկային գործոնն այնքան մեծ է, որ ընտրությունները կարող են նաև ուղղորդվել:
Բաթոյանը նշեց, որ շատ-շատ գերատեսչություններ ու մարդիկ են ներգրաված որդեգրման պրոցեսում, ու դա էլ կարող է խանգարող հանգամանք դիտվել: