Այսօր տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագրի» անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Քաղաքացիական պայմանագրի» առաջիկա ծրագրերն ու կատարած աշխատանքները: Araratnews.am-ի հարցին, թե ինչո՞վ է «Քաղաքացիական պայմանագիրը» առանձնանում ընդդիմադիր մյուս ուժերից, ի՞նչ կերպով է փորձելու շահել հասարակության վստահությունը, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Քաղաքացիական պայմանագիրը» դասական կուսակցությունների նման կամ քաղաքական կառույցների նման չի դնում հաստատված մի տեքստ, ասում՝ եկեք միավորվենք սրա շուրջ: Մենք փորձում ենք քաղաքական դաշտում մաքսիմալ մասնակցության միջոցով ձևավորել այն օրակարգը և ձևակերպել խնդիրներ, որոնց լուծումը հենց իրենք են տեսնում»,- ասաց նա:
Իսկ իշխանափոխության իրենց պահանջի մասին Ա. Հարությունյանն ասաց.
«Քաղաքացիական պայմանագիրը» այնպիսի խնդիրներ չի առաջ քաշելու, որոնց լուծումը մոտ ապագայում չի տեսնում: Մենք հանրահավաքներ ենք կազմակերպելու այն ժամանակ, երբ ունենալու ենք կոնկրետ խնդիրներ և տեսնելու ենք կոնկրետ այդ խնդիրները լուծելու ճանապարհային քարտեզներ: Մինչև չունենանք ճանապարհային քարտեզ նախագահի հրաժարականի և այլ հարցերում, նման կոչով հանդես չենք գա: Ի սկզբանե, մեր հիմնական նպատակը, որքան հնարավոր է շուտ, Հայաստանում իշխանափոխության հասնելն է»: