Վերջին օրերին Երևան քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են 100° վերտառությամբ գրառումներ, իսկ համացանցում տարածվել են այդ գրառումների կատարման գործընթացը նկարագրող տեսանյութեր։ Մինչ այժմ ոչ ոք դեռևս հանդես չի եկել որպես այս նախաձեռնության հեղինակ: Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում այդ տեսանյութերի տարածման հետագիծը՝ դարձյալ հնարավոր չէ հստակ որևէ եզրակացություն անել, քանի որ դրանք տարածվում են միանգամայն տարբեր շրջանակների, այդ թվում` «վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվ մասնակիցների կողմից։
Այսպիսով, հաշվի առնելով, որ սա վստահաբար ընդդիմադիր նախաձեռնություն է, կարելի է հանգել երկու տարբերակի. կա՛մ ձևավորվում է բավականին լայն ընդգրկում ունեցող նոր նախաձեռնություն, կա՛մ այն հանդիսանում է տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ շարժման տրանսֆորմացիա։ Նոր նախաձեռնության նպատակները անհայտ են, միայն կարելի է ենթադրել, որ գրառումները արտահայտում են ջրի եռման ջերմաստիճանը, ինչը կարող է խորհրդանշել համբերության սպառված լինելը։ Սակայն 100 թիվը, երևի թե, պատահականորեն չի հայտնվել Երևանի փողոցներում, հետևաբար, ամենայն հավանականությամբ, սա ոչ թե նորություն է, այլ «Վճարում ենք 100 դրամի» տրանսֆորմացիան, մանավանդ, որ երկու օր առաջ այս շարժման մասնակիցները վերջնագիր էին ներկայացրել քաղաքապետարանին և հայտնել, որ պահանջները չբավարարելու դեպքում կանցնեն ավելի սուր գործողությունների:
Իսկ քաղաքապետարանը իր գործողություններով, ստեղծված հանձնաժողովով և այդ հանձնաժողովին ներկայացված սակագնի նախնական հաշվարկով ցույց է տալիս, որ չի համակերպվել 100 դրամի հետ և ամեն ինչ անելու է՝ սակագինը առնվազն 150 դրամ դարձնելու համար:
Այս իրավիճակում, փաստորեն, քաղաքացիական հանրությունը նախահարձակ է լինում` չսպասելով գնի բարձրացմանը, որպեսզի ռեակցիոն պայքար մղի: Նման պրոակտիվ գործողությունները արդեն նորություն են քաղաքային իշխանությունների համար, ինչը շատ ավելի է բարդացնելու վերջիններիս տրանսպորտային իղձերի իրականացումը:
Պետրոս Մխիթարյան