տուն Հասարակություն Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի տնօրենը անտեսում է վարչապետի և պարետի ցուցումները. սկանդալ է հասունանում

Քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի տնօրենը անտեսում է վարչապետի և պարետի ցուցումները. սկանդալ է հասունանում

862
0

Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում նոր սկանդալ է  հասունանում: Araratnews.am-ին նոր տեղեկություն է հայտնի դարձել: Տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը, որը կառույցը ղեկավարում է այս տարվա փետրվարի 10-ից, աշխատակիցներին վատ է վերաբերվում: Բանն այն է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՈԱԿ-ի տնօրենը, որը նախկին ոստիկան է, ջերմություն ունեցող աշխատակիցներին կանչել է աշխատանքի: Երբ հասկացել է, որ աշխատակիցները շարունակում են ջերմել, բողոքում են տնօրենի վարքագծից, ուղարկել է թեստավորման ու ինքնամեկուսացման, ու մեկ շաբաթով արձակուրդի, բայց աշխատակիցների հաշվին:

Սակայն, ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը չավարտած, Հրաչյա Աղաբեկյանը երեկ աշխատակիցներին կանչել է գործի, իսկ երբ աշխատակիցներն ընդվզել են, ասել է՝ անփոխարինելի մարդիկ չկան, ուստի եթե շարունակեն իր հրահանգը չկատարել, նրանց կազատի աշխատանքից: Սա այն դեպքում, երբ աշխատակիցներից մեկը զանգել է պարետատուն, մանրամասնել ստեղծված իրավիճակը, որից հետո պարետատան հրահանգով առողջապահության նախարարությունը ստոգումներ է արել, եւ ինքնամեկուսացման պահանջ դրել  ղեկավարության առաջ:

Մեր տեղեկություններով՝ տնօրենը իր աշխատակիցներին չի ապահովում տրանսպորտով, որը եւս բարդացնում է նրանց վիճակը:

Ի դեպ, տնօրենը իր տեղակալ է նշանակել իր ընկերներից մեկին, որը եւս նախկին ոստիկան է:

Araratnews.am-ը զանգահարեց նաև Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան նա ասաց, որ ծանոթ չէ մամուլի հրապարակումներին: «Եթե աշխատակիցները գրավոր տեսքով փոխանցում են իրենց բողոքը Երեւանի քաղաքապետարան, բնականաբար քաղաքապետարանը տեղյակ է լինում»,- ասաց մամուլի խոսնակը:

Հ.Գ. Ստեղծված իրավիճակը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որն օրեր առաջ ասել էր ԱԺ-ում: Նորանշանակ կադրերը մի քանի օրում ապացուցել են, որ իրենք կարող են մտնել կաբինետ և իրենց դնել իրենց նախորդի տեղը, իսկ երբեմն էլ չկատարել վարչապետի, այս իրավիճակում նաև պարետի՝ վերադասի ցուցումները:

Սոնա Դավթյան