Ինչպես գիտենք «Էրեբունի-Երևան 2975» միջոցառումների համար նախատեսված էր 200 միլիոն դրամ գումար, ինչը վերջին շրջանում քաղաքացիների և քաղաքական ու հասարարակական գործիչների շրջանում քննադատության թեմա է դարձել: Արդյո՞ք կարիք կար նման մեծ գումար տրամադրել տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար, թե՞ ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարը ծախսել քաղաքի և քաղաքացիների խնդիրներից մի քանիսը լուծելու համար: Այս և այլ հարցերի շուրջ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է երգիչ, մտավորական Արթուր Իսպիրյանի հետ, ով նշել է, որ Երևանի տոնի կապակցությամբ արժեր նման գումար ծախսել, բայց միևնույն ժամանակ հավելվել է, որ դրա հետ մեկտեղ, քաղաքապետարանը պետք է ձեռնամուխ լինի զբաղվել քաղաքի ու քաղաքացիների խնդիրների լուծմամբ: «Ես ոչ մի ձևով չեմ մասնակցելու այսօր կայանալիք միջոցառումներին, չնայած ունեմ շատ երգեր՝ նվիրված Երևանին, բայց, ցավոք, ոչ մի հրավեր չստացա միջոցառումներից գոնե մեկին մասնակցելու համար, ու չգիտեմ ինչն է դրա պատճառը: Իսկ միջոցառումների համար 200 միլիոնը երևի նորմալ գումար է»,-նշել է Իսպիրյանը: Մեր թղթակցի այն դիտարկմանը, որ քաղաքացիների շրջանում անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց է տվել, որ քաղաքացիների կեսից ավելին կգերադասեին, որ այդ գումարն ուղղվեր իրենց խնդիրների լուծմանը, Արթուր Իսպիրյանն արձագանքել է.«Հավատացեք, այդ խնդիրների համար էլ կա նախատեսված գումար, քաղաքապետարանը բավականին մեծ գումար ունի քաղաքացիներին հուզող խնդիրներին լուծում տալու համար, ուղղակի կամք և ճիշտ կադրեր են պետք բյուջեն օգտագործելու համար: Քաղաքապետարանի ամենամեծ սխալը՝ բյուջեն սխալ օգտագործելն է, և եթե իրենք ճիշտ տեղին օգտագործեն, քաղաքի համար շատ ավելի լավ կլինի, մանավանդ մեր այգիներն այսօր լրիվ անտերության են մատնված, այն այգիները, որոնք սեփականաշնորհված են որևէ անձի կողմից, շատ ավելի լավ և բարեկարգ վիճակում են»:
AraratNews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանի այն հայտարարությունը, թե այն մարդիկ, ովքեր 200 միլիոնը միջոցառումների համար բավականին մեծ գումար են համարել՝ ուռոդներ են ու չարացած տականքներ, Իսպիրյանը պատասխանել է.«Այդտեղ մտածելու բան չկա, նույնիսկ կարելի է նրան պաշտոնից ազատել՝ այդպիսի վիրավորանք հասցնելու համար։ Պաշտոնյան երբեք իրավունք չունի այդպես դիմել մարդկանց, եթե անգամ նրանց հետ համակարծիք չէ: Դա առաջին դեպքը չէ. տրանսպորտի հետ կապված էլ՝ վարչության պետը, տեսնում ենք, ինչպես է վերաբերվում երիտասարդների հետ, և պետք է, որ այդպիսի մարդկանց կարգի հրավիրեն»:
Իր խոսքի վերջում Արթուր Իսպիրյանը, շնորհավորելով Երևանին և երևանցիներին տոնի կապակցությամբ, քաղաքացիներին մաղթել է, որպեսզի վերջիններս քաղաքի համար ավելի պայքարող լինեն, և որ ամենակարևորն է՝ պայքարեն անարդարությունների դեմ:
Էմմա Պալյան