Ազգային ժողովում կորոնավիրուսի հետ կապված արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել և ԱԺ-ում մի քանի անգամ հարցուպատասխան ու քննարկում է եղել:
Ինչպես գրում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այդ մասին պարետատան նիստից հետո երեկ ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՅԴ-ի՝ կորոնավիրուսի թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրելու և լուծումներ գտնելու մասին հարցին:
«Ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև ՀՅԴ ներկայացուցիչներն այդ նույն հռետորաբանությամբ և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաև 2018 թվականի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից:
Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև «քաղաքական կորոնավիրուս», որն ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք, ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը:
Հիմա ընդունված է կորոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ, անկեղծ ասած, հայեցակարգային առումով այնքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, որովհետև կարծում եմ, որ ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր և շրջանակներ, որոնք այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա: Նախ, ուզում եմ մի արձանագրում անել, այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները․ մեկ մլն բնակչությանն ընկնող մահացության ցուցանիշը և բազմաթիվ այլ ցուցանիշներ: Ես ինչ-որ չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե պատերազմական տրամաբանությամբ են խոսում և մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակներում, ապա վարչապետն առաջարկում է դիտարկել այդպես: «Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պատերազմական իրավիճակին համապատասխան:
Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետև մենք ժողովրդավարական երկիր ենք և կարծում ենք, որ ժողովրդավարությունը կարևոր է նաև կորոնավիրուսի պայմաններում, քանի որ որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը նման նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը ու հանրությունն իր աներկբա վերաբերմունքով»,- ասաց վարչապետը: