Ներկայիս հայաստանյան պատմագիտության, արդի ազգագրության գիտակներից շատերը, խոսելով հայ ինքնության կերտման մասին, նշում է, որ 20-րդ դարում հայկական ինքնության ձևավորման գործընթացում որոշակիորեն իր դերն է խաղացել նաև Ցեղասպանության գործոնը: Թե ինչքանով է այս պնդումը արդիական կամ հիմնավորված՝ բոլորովին այլ խոսակցության թեմա է, սակայն անվիճելի է, որ արդի հայաստանյան հանրության մեջ հաճախ չափազանցված է թուրքական կամ ընդհանրապես օտարերկրյա սպառնալիքի ընկալումը:
Հենց սա հաճախ շահարկվում է իշխանությունների կողմից, երբ ցանկացած պարտվողական քաղաքական ձեռնարկի պարագայում շրջանառության մեջ է դրվում անվտանգության գործոնը: Դա իհարկե չի նշանակում է, թե հայաստանյան իշխանությունների վարվելակերպը լիովին մտածված և նպատակաուղղված է: Ամեն դեպքում, անգամ հանցագործ իշխանության ներկայացուցիչները հայ ինքնության կրողներ, են և ուզենք թե չուզենք, նրանց նկարագիրը ինչ-որ այլ առանձնահակություններ չունի, ասել կուզի, որ հայ պաշտոնյային էլ հեշտությամբ կարելի է ինչ-որ բան պարտադրել` խոսք բացելով անվտանգության մասին:
Պատահական չէր, որ սեպտեմբերի երեքից հետո Մաքսային միությանը միանալու կարևոր պատճառ հայտարարվում էր անվտանգությունը: Այս տեսանկյունից բավական հետաքրքիր հայտարարություն արեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` թերթերից մեկին տված հարցազրույցում նշելով, թե «երբ մենք այստեղ տեսնում ենք ռուսական զինվոր, մեզ շատ լավ ու ապահով ենք զգում»: Ինչ խոսք, Վարդան Ղուկասյանը հայաստանյան քաղաքական «էլիտայի» հերթական օդիոզ ներկայացուցիչն է, սակայն նրա այս հայտարարությունն իրավամբ կարող ենք համարել հայաստանյան հասարակության ցավոք բավական ստվար հատվածի մտայնությունների արտահայտություն:
Պատմական հանգմանքների, գուցե և աշխարհայացքի առանձնահատկությունների պատճառով հայկական մտածելակերպը ազգային անվտանգության երաշխավորներին սկսում է փնտրել, ոչ թե պետականության, պետականակերտման, այլ «բարեկամ», «դաշնակից» պետությունների մեջ: Այստեղ կա նաև կարևոր մի առանձնահատկություն` հայկական քաղաքական միտքը, գուցե պետականության բացակայության պատճառով, իր ձևավորման ամբողջ ընթացքում զրկված է եղել իր ճկունությունից, իսկ բոլոր այն գործիչները, ովքեր փորձել են ճկուն կամ խուսանավող քաղաքականություն տանել, կամ սպանվել են, կամ չեն հասկացվել ու դավաճաններ հայտարարվել:
Հենց այս ճկունության բացակայության պատճառով արտաքին պետությունները ընկալվել են բարեկամ-թշնամի դիտանկյունից` Հռոմ — պարթևներ, Բյուզանդիա — Պարսկաստան, Թուրքիա — Ռուսաստան: Այս բարեկամ-թշնամու կարծրատիպը կոտրել փորձող հայ պետական գործիչները` Վասակ Սյունի, Պապ թագավոր, Մլեհ և այլք, դատապարտված են եղել ձախողման: Թերևս, միակ հաջողակ գործիչը Թեոդորոս Ռշտունին էր, որը կարողացավ անգամ մեր օրերի դիտանկյունից հանճարեղ քաղաքականության արդյունքում Հայաստանի համար առավելագույնս նպաստավոր պայմաններով պայմանավորվածություն ձեռք բերել Արաբական խալիֆայության հետ:
Վերադառնալով մեր օրեր՝ ստիպված ենք նշել, որ ներկայիս հայաստանյան իշխանությունները նույնպես տարածաշրջանային պետություններին ընկալում են թշնամի-բարեկամ դիտանկյունից: Հենց այս ընկալման փոփոխությունն է միայն, որը կարող է ձևավորել որակապես նոր քաղաքական հայեցակարգ, որը զերծ կլինի ցանկացած արտաքին ուժի և կառույցի նկատմամբ բարեկամ-թշնամի ձևակերպումներից:
Աղասի Մարգարյան