տուն Քաղաքական Քաղաքական էլիտայի սերնդափոխության հրամայականը

Քաղաքական էլիտայի սերնդափոխության հրամայականը

242
0

Հայաստանում 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ձևավորվեց նոր քաղաքական էլիտա, որը, սակայն, լինելով անկախական, ազատագրական, դեմոկրատական շարժման ծնունդ, ժառանգեց նաև սովետական քաղաքականության ավանդույթները` հետագայում դրանք համադրելով նաև քրեական աշխարհի վարքուկանոնների հետ: Անցել է ավելի քան 20 տարի, սակայն քաղաքական սերնդափոխություն գրեթե տեղի չի ունեցել: Նոր սերնդի քաղաքական գործիչները ևս ժառանգել են իրենց քաղաքական հայրերի, առաջնորդների հատկանիշները, արժեքները, որոշում կայացնելու մեխանիզմները: Որպես ասվածի վառ ապացույց կարող ենք դիտարկել Հանրապետական կուսակցությունն և նրա երիտասարդական կազմակերպությունները: Կուսակցության վերնախավում հիմնականում գտնվում են գործիչներ, որոնք բացառապես սովետական ժառանգություն են, իսկ երիտասարդական կազմակերպություններում կարիերայի աստիճանավանդակով վերև են բարձրանում կուսակցապետերին լավագույնս գովերգող, նրանց կարծիքներին ու որոշումներին լավագույնս ենթարկվող երիտհանրապետականները (նախկին անվանումը` կոմերիտականներ):

Ցավալիորեն նույն իրավիճակն է նաև մյուս կուսակցություններում: Բոլորը ունեն ավտորիտար կառուցվածք` հիմնված մեկ առաջնորդի քաղաքական կամ քրեական հեղինակության և կամ հարստության վրա: Միջին և ստորին օղակների կուսակցականները ոչ մի կերպ չեն մասնակցում որոշումների կայացմանը, իսկ Մեծն Առաջնորդի կողմից կայացված որոշումները, տեսակետները անհերքելի, անբեկանելի են: Այս դեպքում ամբողջ կուսակցության գործը ոչայլինչ է, եթե ոչ այդ որոշումների, հայտարարությունների ներկայացումը հանրությանը, դրանց ինչ-որ ձևերով արդարացումն ու որպես միակ ճշմարտության ներկայացումը:

Հենց այս ավտորիտար կառուցվածքը, որոշումների կայացման ուղղահայաց մոդելը, փակ քննարկումների ձևաչափը (ընդ որում ոչ միայն կուսակցության ներսում), առողջ բանավեճի, քննարկման, հորիզոնական հարաբերությունների բացակայությունն է, որ բերում է քաղաքակական դաշտի լճացման և քաղաքական մտքի իսպառ բացակայության:

Այս իրավիճակից միակ ելքը ավտորիտար հարաբերությունների բացառումն ու նոր հորիզոնական հարաբերությունների ձևավորումն է ցանկացած քաղաքական միավորի կազմում, որը կբերի սերնդափոխության:

Քաղաքական էլիտայի սերնդափոխությունը յուրաքանչյուր քաղաքական ուժի համար առաջնային խնդիր պետք է դառնա: Կհաղթեն նրանք, ովքեր օր առաջ կիրականացնեն այն` երբեմն նույնիսկ վիրահատական մեթոդներով:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here