տուն Քաղաքական Վերլուծական Քաղաքական դիակների ռեինկարնացիոն շքերթը

Քաղաքական դիակների ռեինկարնացիոն շքերթը

300
0

manipul

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո հայաստանյան իշխանությունները հանրային ուշադրությունը շեղելու համար սկսել են դիմել երբեմն աբսուրդային միջոցառումների: Իշխանական խոսափող լրատվամիջոցներն են բնականաբար ստանձնել այդ միջոցառման անցկացման ողջ ծանրությունը: Սեպտեմբերի երեքից օրեր անց հայաստանյան «քաղաքական դաշտում» բոցավառվեց  Անի Զախարյանը, որը սակայն առանձնապես չկարողացավ հիմնավոր կերպով իր տեղը գտնել, ինչպես ժամանակին էպոսագետ Վարդան Սեդրակյանը, չնայած դրան մինչև օրս էլ այս գործչուհին փորձում է ակտիվություն հանդես բերել` որպես «իսկական հայուհի» և մերթընդմերթ երևում է կա՛մ Վոլոդյա Ավետիսյանի աջակիցների կողքին, կա՛մ գենդերային ցուցարարների և այլն:

Իշխանությունների հաջորդ ձեռնարկը սակայն առավել ուշագրավ էր: Նույն այս գենդերային հողի վրա ռեինկարնացիայի ենթարկվեց Խաչիկ Ստամբոլցյանը, որի գործունեության  մասին միջին և ավագ սերունդը առավել քան տեղյակ է: Երբեմն զարմանալ կարելի է, թե ինչպես է հայաստանյան իշխանությունը պեղում և գտնում այդչափ օդիոզ կերպարների: Հաջորդ ռեինկարնացիան փոքր-ինչ կասկածահարույց է և այստեղ չի բացառվում արդեն քոչարյանական ձեռագիրը: Խոսքը վերաբերում է Գառնիկ Իսագուլյանին: Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, որ կա և մնում է որպես «Քոչարյանի մարդ»  հանդես է գալիս Հայաստանի երեք նախագահների հանդիպումն իրականացնելու նախաձեռնությամբ: Աներկբա է, որ Իսագուլյանը նման հանդիպում կազմակերպելու  համար չունի բավարարար քաղաքական կշիռ, սա թերևս հենց Իսագուլյանն էլ փայլուն գիտակցում է, սակայն այնուամենայնիվ իր այս, մեղմ ասած, տարօրինակ նախաձեռնությամբ կրկին անգամ ռեինկարնացված այս գործիչը,  համենայնդեպս լրատվական դաշտում, փորձում է որոշակի ֆոն ստեղծել, որի իրական նպատակներին առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ականատես կդառնանք:

Ինչևէ, բոլոր դեպքերում իշխանությունների մասնակցությամբ թե թողտվությամբ հանրությանը մոլորեցնելու գործընթացը շարունակվում է: Սակայն հանրային աղմուկի և մոլորության գլուխգործոցը բնականաբար Զորի Գայկովիչի նամակն էր` ուղղված Պուտինին: Այստեղ արդեն կարող ենք ասել վարչակարգը գերազանցեց ինքն իրեն: Իրականում սակայն Գայկովիչի նամակը բացարձակ ոչինչ չնշանակող իրողություն էր, որը չնայած բարձրացրած աղմուկին՝ անգամ համեմատական եզրեր չունի Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Արդյունքում սակայն Գայկովիչի նամակը դեռևս շատ ավելի բուռն է քննարկվում, քան պետության հետագա զարգացման ուղու վերաբերյալ բախտորոշ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Ինչևէ Զորի Գայկովիչի նամակի մասին շատ խոսվեց և նպատակահարմար էլ չէ կրկին անգամ անդրադառնալ դրան, սակայն նշենք նաև բավական հետաքրքիր մի հանգամանք. Գայկովիչի նամակը նաև որոշակի լակմուսի թղթի էֆեկտ ունեցավ, երբ տարբեր պալատական մտավորականներ հանդես եկան վերջինիս պաշտպանությամբ և գովերգով: Միևնույն ժամանակ, ցավով պետք է շեշտենք, ու հայաստանյան հասարակության մեջ դեռևս առկա է այն շերտը, որը անգամ Ռուսաստանի կազմի մեջ մտնելն ու անկախությունից հրաժարվելը առանց երկմտանքի կգերադասի ներկայիս, թեկուզ ոչ լիարժեք, բայց այնուամենայնիվ ինքնիշխանությունից: Հանրային այս շերտը ևս վերջնականապես դիմակազերծ արեց իրեն:

Աղասի Մարգարյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here