տուն Քաղաքական Վերլուծական Քաղաքական գնահատականի, քաղաքական թոշակառուի և ՀՀԿ-ի քաղաքական հրետանու մասին

Քաղաքական գնահատականի, քաղաքական թոշակառուի և ՀՀԿ-ի քաղաքական հրետանու մասին

384
0

ter-petrosyan-khocharyan-sargsyan

Երեկ հրապարակվեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ առաջին նախագահը փաստում էր Սերժ Սարգսյանի վարչակարգի սպառումը և  միակ ելքը տեսնում Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ: Անգամ չափազանց մեծ ցանկության դեպքում շատ դժվար է չհամաձայնել Տեր-Պետրոսյանի բերած 8 կետերից որևէ մեկի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի արձագանքները սպասեցնել չտվեցին, և հակընդդեմ հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական կուսակցության «կարկառուն» ներկայացուցիչ և կուսակցության «գաղափարական գծի հրետանի», ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս իր խոսքն սկսեց «հայտնի քաղաքական թոշակառու և այլևս ձախողված քաղաքական գործիչ» արտահայտությամբ:

Սա, իհարկե, ցինիզմի գերագույն աստիճանն է, որը կարող է իրեն թույլ տալ քաղաքական գործիչը, որը ոչ իր քաղաքական կշռով ու նշանակությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ չի կարող համեմատվել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հետ` անկախ վերջինիս անձից, հաջողություններից ու ձախողումներից: Բացարձակապես նպատակ չհետապնդելով հանդես գալ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանությամբ, ընդամենը շեշտենք` եթե անգամ Տեր-Պետրոսյանը մինչ օրս հայտարարեր, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի, ասենք, չորս մարզերը պետք է հանձնվեն Ադրբեջանին, դա միևնույնն է չի փոխելու պատմական այն իրողությունը, որ Արցախյան հաղթանակը ձեռք է բերվել հենց Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ նրա հաջորդներ Քոչարյանի և Շարմազանովի անմիջական սյուզերեն Սերժ Սարգսյանի օրոք այս խնդրում եթե հետընթաց չի էլ եղել, ապա հաստատապես որևէ առաջխաղացում չի գրանցվել:

Հաջորդ հարցը, որին կցանկանայինք անդրադառնալ, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի 6-րդ կետն էր, որում մասնավորապես ասվում էր. «Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում։ Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»:

Այս ձևակերպման մեջ կարծում ենք, առկա են երկու իրողություններ: Հայաստանյան քաղաքական համակարգի լրջագույն թերություններից մեկը քաղաքական գնահատականի ինստիտուտի բացակայությունն է: Դժվար է չհամաձայնել, որ ներկայիս արատավոր բարքերի ու քաղաքական համակարգի հիմքերը դրվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, սակայն այս համակարգն իր քարտ-բլանշն ստացավ արդեն Քոչարյանի իշխանության գալով: Ռոբերտ Քոչարյանը ոչ մի քայլ չարեց նախորդ ռեժիմի գործունեությանը քաղաքական գնահատական տալու ուղղությամբ, ավելին, կարծես թե հայտնվեց կատվի դրախտում` նոր կերտվող այլասերված քաղաքական համակարգի հիմքերում, որից և առավելագույնս փորձեց օգտվել անձնական նկատառումներից ելնելով: Շատերը կարող են պնդել, որ Քոչարյանի օրոք բացահայտվեցն Վանո Սիրադեղյանի հանցագործությունները, սակայն, ոտնձգություն չանելով անմեղության կանխավարկածի դեմ, միաժամանակ շեշտենք, որ հետագա իրադարձությունները` ընդհուպ մինչև մեր առօրյան, ցույց են տալիս, որ ռեժմի համար որևէ դժվարություն չի ներկայացնում որևէ գործչի դարձնել քավության նոխազ և «գործ թխել» նրա վրա: Սերժ Սարգսյանն, իր հերթին, նախագահի աթոռին հայտնվեց 10 զոհի արյան ու բազմաթիվ ամոթալի քաղաքական դատավարությունների արդյունքում: Սակայն վերջինս նույնպես փորձ չարեց և, ըստ էության, չէր էլ կարող անել քոչարյանական վարչակարգին որևէ կերպ քաղաքական և իրավական գնահատական տալու ուղղությամբ, քանի որ, վերջիվերջո Քոչարյանը գնաց մարտիմեկյան սպանդին միմիայն անձնական անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ այդ անվտանգությունը կարող էր ապահովել միայն Սերժ Սարգսյանը:

Վերոհիշյալի պայմաններում Տեր-Պետրոսյանի նշած անձի և ունեցվածքի անձեռնմխելիությունը ենթադրում է կրկին անգամ քաղաքական և իրավական գնահատականի բացառում: Մյուս կողմից, այդ նույն կետով, կարծես թե «հումանիստական միջանցք» է տրվում Սերժ Սարգսյանին՝ հեռանալու համար: Սա ավելի շուտ ռազմական ստրատեգիական հնարք է, որը կիրառվում է հարձակվող հակառակորդի կողմից: Հասկանալի է, որ վերջին 15 տարիներին Սերժ Սարգսյանը, նրա հարազատներն ու շրջապատը այնպիսի հարստություններ են դիզել, որ անվտանգության երաշխիքի բացակայության պարագայում ատամներով կպաշտպանեն իշխանությանը, ինչպես արեց Քոչարյանը մարտի մեկին: Հենց այս հեռանկարից խուսափելու համար Տեր-Պետրոսյանն,այսպես ասած, տալիս է Սերժ Սարգսյանին անվնաս ու անվտանգ հեռանալու հնարավորությունը:
Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here