Ոչ մի էական կապ գոյություն չունի ազգային փոխադրողի և ազգային անվտանգության միջև: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը: Նրա խոսքով՝ քաղավիացիան բացառապես քաղաքացիների և կոմերցիոն ապրանքների տեղափոխություն է, ոչ թե զենքի տեղափոխություն:
Խաչատրյանը բերեց Սիրիայի և Լիբանանի օրինակը: «Լիբանանում տասնյակ տարիներ տևած քաղաքացիական պատերազմի ընթացքում փոխադրողների թիվը 35-ից, եթե չեմ սխալվում, դարձավ 28 և քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում բոլոր հիմնական ավիաընկերությունները կատարել են կանոնավոր չվերթներ դեպի Բեյրութ և Բեյրութից դուրս: Սիրիայում բոլոր հիմնական ընկերությունները, մինչև այն պահը, երբ որ ահաբեկիչների կողմից չստեղծվեց վտանգ քաղաքացիական ինքնաթիռների համար, իրականացրել են չվերթներ դեպի Դամասկոս»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ շատ ազգային փոխադրողներ են սննկացել և Արմավիան միակ օրինակը չէ: «Որովհետև երբ որ պետությունը ստեղծում է ջերմոցային պայմաններ ազգային փոխադրողի համար, ինչպես մենք ունեցել ենք Արմավիայի պարագայում՝ սահմանափակելով մրցակցությունը, տրամադրելով ֆինանսական կամ ոչ ֆինանսական առավելություններ, այդ ընկերությունները դառնում են ծույլ և այդ ծուլության արդյունքում քայքայվում ու սննկանում են: Շատ թարմ օրինակ կա, 3-4 օր քննարկվում է մամուլում, դա Ավստրալիայի ազգային ավիափոխադրողի սննկացումն է: Ավստրալիայի նման երկիրն այլևս չի կարող իրեն թույլ տալ ազգային փոխադրող ունենալու շքեղությունը»,- հայտարարեց Ա. Խաչատրյանը: