Ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերությունը փետրվարի 21-ին նշեց իր գործունեության 1-ամյակը, որի շրջանակում կայացավ «Հայկական Flight Mode» խորագրով հանդիպում-քննարկումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ ընկերությունը ստեղծելու գաղափարը ծագել է իրենց անձնական փորձի և ավիաընկերությունների միջև տարաձայնությունների արդյունքում:
«Մեր ընկերությունը ծառայում է հայ և օտարազգի ուղևորների խախտված իրավունքների վերականգնմանը: Խնդիրներ ունենալու դեպքում, երբ ուղևորն անձամբ դիմում է ավիաընկերությանը, բավականաչափ գումար և նյարդեր է ծախսում: Passenger.am-ի միջոցով այդ գործընթացն ավելի հեշտ և արագ է տեղի ունենում: Որևէ ավիաընկերության հետ խնդիրներ ունեցած քաղաքացին, կարող է գրանցվել մեր կայքում, ինչից հետո իրավաբանական թիմն ակտ է կազմում, ինչից հետո սկսվում է Passenger.am-ը լիազորվում է պաշտպանել տվյալ անձի շահերը»,- նշեց Ղազարյանը:
Passenger.am-ի տնօրեն, համահիմնադիր Վաներ Հարությունյանը շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է ուղևորի պաշտպանված լինելը:
«Հայաստանում վերջին տարիներին տնտեսական հեղափոխության ճանապարհին կատարվում են այնպիսի դրական տեղաշարժեր, որտեղ իրավագիտակցությունը պետք է ավելի բարձրանա: Մեր առաքելություններից մեկն այդ գործիքակազմը ձևավորելն է՝ ավիաընկերությունների հետ ուղևորների շփումն ավելի պրոֆեսիոնալ դարձնել»,- ասաց Հարությունյանը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը շեշտեց, որ նմանատիպ միջոցառումների մասնակցելով՝ շատ են կարևորում ուղևորների իրավունքների պաշտպանությունը:
«Հայաստանում այդ ոլորտն այսօր լավ կարգավորված չի և մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր գործընկերների հետ, որոնք պատրաստ կլինեն լուծել ուղևորների և ավիաընկերությունների միջև առաջացած խնդիրները: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նմանատիպ ընկերությունների հետ»,- նշեց Ռևազյանը: