«Թալիբան» շարժումից անջատված «Ֆեդայ-է-Մախազ» խմբավորումը ստանձնել է երեկ Քաբուլում շվեդ լրագրողի սպանության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները։
Համացանցում հայտնված տեսանյութում ծայրահեղականները նշել են, որ Շվեդիայի ռադիոյի լրագրող Նիլս Հորները հարձակման է ենթարկվել ՄԻ-6 բրիտանական հետախուզության հետ ունեցած կապերի պատճառով։ Երկու անհայտ անձինք եվրոպական հագուստով մոտեցել են լրագրողին, ով կանգնած է եղել լիբանանյան ռեստորանի մոտ, և մոտ տարածությունից գնդակահարել նրան: Լրագրողը մահացել է հիվանդանոցում։
Նշենք, որ Արևմուտքի նկատմամբ անհանդուրժողական հայացքներ ունեցող «Ֆեդայ-է-Մախազ» կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին հատուկ ծառայությունների կողմից վնասազերծված թալիբ զորահրամանատար Մուլլա Դադուլլայի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Խմբավորումը դուրս է եկել «Թալիբանի» կազմից այն բանից հետո, երբ շարժման ղեկավարները հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու մասին։