Ներկայումս փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։
«Երևանի փրկարարական ջոկատներից մեկում ունենք վարակակիր, ով մեկուսացված է, գտնվում է բուժման փուլում»,- ասաց Գաբրիելյանը։
Նա հավելեց, որ փրկարարի հետ շփում ունեցած ևս 11 անձ մեկուսացվել են ԱԻՆ կառույցներից մեկում և գտնվում են բժիշկների ամենօրյա հսկողության տակ։
Փրկարար ծառայության տնօրենը ընդգծեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ՓԾ առաջնային խնդիրն է լինել մարտունակ և կարողանալ արդյունավետ արձագանքել բոլոր կանչերին։
«Ամենօրյա աշխատանք է տարվում մեր նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումներում, որպեսզի առաջին հերթին կարողանանք մեր աշխատակիցների անվտանգությունը ապահովել՝ անհատական պաշտպանիչ միջոցներով, հորդորներով, Առողջապահության նախարարության ցուցումներով և այլն»,- ասաց Գաբրիելյանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: