Ավտորիտար համակարգերում սովորաբար սահմանափակվում է խոսքի ազատությունը, ուղղակիորեն արգելվում են իշխող վարչախմբին ուղղված քննադատությունները, բողոքի ակցիաները, մեկուսացվում են վարչախմբին քննադատող «այլակարծները»: Այսպիսով` սահմանափակվում են խոսքի, խղճի, մտքի ազատությունները, իսկ այդ իրավունքները նվաճել, իրացնել փորձող անձինք մեկուսացվում են:
Հայաստանյան ներկա քաղաքական համակարգը նույնպես կարելի է համարել ավտորիտար, որը ձգտում է անգամ տոտալիտարիզմի, քանի իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը ամբողջովին գտնվում են Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո, իսկ դատական համակարգը հանդիսանում է վերջիններիս կցորդը: Գրեթե ամբողջությամբ այս կուսակցության անդամներով են լցված ՏԻՄ մարմինները:
Սակայն ներկայումս իշխող վարչախմբի ներքին քաղաքականությունը էապես տարբերվում է ավտորիտար համակարգերին բնորոշ գործելաոճից: Եթե մինչև 2008 թվականը այն ամբողջովին տեղավորվում է ավտորիտար տրամաբանության մեջ, ապա հետագա տարիներին սկսվեց իրականացվել այլ քաղաքականություն, որը կարելի է անվանել «փչացման» քաղաքականություն:
Այս քաղաքականության առաջին թիրախը լրատվական դաշտն էր: Եթե նախկինում կային հստակ ընդգծված ընդդիմադիր և իշխանական լրատվամիջոցներ, իսկ ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին, ուժի կիրառմամբ, փորձ էր արվում լռեցնել, ապա հետագայում ստեղծվեցին անհայտ կամ հայտնի ծագումնաբանությամբ բազմաթիվ լրատվամիջոցներ: Ներկայումս, դիտարկելով ՀՀ-ում գործող լրատվամիջոցների գործունեությունը, կարծիք կարող է ստեղծվել, որ ունենք կայացած չորրորդ իշխանություն, որը մեծամասամբ հանդես է գալիս իշխանությանը քննադատողի, առկա խնդիրները վեր հանողի դիրքերից: Սակայն իրականում, եթե ուսումնասիրում ենք, թե որտեղից են ֆինանսավորվում այդ լրատվամիջոցները, ապա ավելի քան հստակ է դառնում, որ դրանք ոչ միայն չեն ծառայում հանրային շահին, այլ ծառայում են առկա վարչախմբի երկարակեցության ապահովմանը:
Այս պայմաններում նախկին ուժի կիրառմանը փոխարինելու եկան մեդիամանիպուլյացիաները, երբ առկա խնդիրներն ուսումնասիրելու, դրանց բուն էությունն ու պատճառները լուսաբանելու փոխարեն ներկայացվում են իրար հակասող երկու տեսակետներ, որոնք հաճախ շատ քիչ ընդհանուր եզրեր են ունենում բուն խնդրի հետ: Սրանով ապահովվում է լրատվության «օբյեկտիվությունը», իսկ հանրությունը այդպես էլ չի ընկալում հարցի էությունը: Խնդիրն այն է, որ այս ամենն իրականացվում է ոչ թե մեկ կամ մի քանի լրատվամիջոցների, այլ վարչախմբի վերահսկողության տակ գտնվող և մեդիադաշտի նվազագույնը 90 տոկոսը փակող գրեթե բոլոր հեռուստատեսությունների, տասնյակ կայքերի, ինչպես նաև սոցիալական կայքերի հաստիքային և արտահաստիքային մանիպուլյատիվ քարոզիչների կողմից: Անգամ մեծ ցանկության դեպքում, լրատվությանը հետևող քաղաքացին չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Նման պայմաններում, անգամ այս դաշտին ծանոթ, բավարար հմտություն ունեցող անձինք կարող են հայտնվել այս մեդիածուղակում:
Այս քաղաքականության միջոցով վարչախումբը կարողացել է ապահովել խոսքի ազատության պատրանք, իսկ հանրության մեջ կուտակվող բացասական էներգիան շեղել իր համար անվտանգ ուղղությամբ:
«Փչացման» քաղաքականության երկրորդ թիրախը իր ընդդիմախոսների գործիքների, օգտագործվող լեզվի յուրացումն ու կիրառումն է: Այս մարտավարությունը սկսվեց ավելի շատ կիրառվել վերջին շրջանում` կապված քաղաքացիական հանրության ինքնակազմակերպման, պայքարի նոր գործիքների ի հայտ գալու հետ: Պետական պաշտոնյաները շատ հաճախ սկսեցին խոսել իրավունքի, սահմանադրականության դիրքերից` քողարկելով առկա հակասահմանադրական իրավիճակը: Տարբեր իրավիճակներում` Փակ շուկայում, Թեղուտում սկսեցին օգտագործվել քաղաքացիական դիրքերից հանդես եկող գրպանային «քաղհասարակությունները»: Սրանով փորձ է արվում արժեզրկել քաղաքացիական խմբերի, նախաձեռնությունների, անհատ քաղաքացիների կողմից տարվող պայքարները`խաղալով գործընթացների արտաքին, մակերեսային նմանությունների վրա:
«Փչացման» նոր փուլը կարելի է անվանել «հեղափոխական», երբ փորձ է արվում արժեզրկել հեղափոխության, ազատության, իշխանափոխության գաղափարները: Այդ մասին են խոսում իշխանության պալատական երգիչները, գրպանային մտավորականությունը, քաղաքական գործիչներ, որոնք կոմֆորմիստական տեքստերից բացի այլ մտքեր երբևէ չեն հնչեցրել: Սրանով փորձ է արվում միևնույն սոուսի տակ ներկայացրել թե՛ իրական փոփոխությունների ձգտող ուժերին, թե՛ վարչախմբի խամաճիկային «հեղափոխականներին»:
Սակայն վարչախումբը, այս ամենով հանդերձ, մի բան հաշվի չի առնում. արժեզրկելով այս ամենը հանրությանը կանգնեցնում է պատի առաջ, որն անցնելու միակ եղանակը արդեն համարվելու է զինված հեղաշրջումը, ինչը ինքնին ոչ դրական է և ավելի փչացնել չի ստացվի:
Փաստորեն վարչախումբը ընտրել է «փչացնել-փչացնել մինչև վերջ» կարգախոսը:
Սևակ Մամյան