Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում իրականացվող «Ավելին՝ Մեծամորի համար» ծրագրի շրջանակներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից իրականացվող «Ավելին՝ Մեծամորի համար» ծրագրի բաղադրիչներից մեկը հանդիպումներն են հայտնի մարդկանց հետ, որոնց կյանքում կարևոր դեր է խաղացել գիտությունը:
Այս նախաձեռնության առաջին հյուրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, ով գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցել և շարունակում է ակտիվ հետաքրքրվել այդ ոլորտով:
Պատասխանելով հարցին, թե ինչու պետք է գիտությունը երիտասարդների համար գրավիչ լինի, Արմեն Սարգսյանը ասաց, որ պարտադիր չի, որ բոլորը զբաղվեն գիտությամբ և խորհուրդ տվեց աշակերտներին զբաղվել նրանով, ինչը սիրում են և ունեն տաղանդ:
«Ես այդպիսի նպատակ չունեմ և չեմ առաջարկում, որպեսզի բոլորդ անպայման զբաղվեք գիտությամբ և նոր տեխնոլոգիաներով: Մեր ազգը Հայաստանում և Հայաստանից դուրս զբաղվում են ամեն ինչով և չի կարելի պատկերացնել մի երկիր, որտեղ բոլորը գիտնական են: Իհարկե, ոչ: Կյանքում ինչ էլ անեք, արեք մեծ հաճույքով: Այսինքն` եթե ինչ-որ բան ստիպված եք անելու, որից հաճույք չեք ստանալու, որտեղ չեք զգալու ձեր շնորհքը, ապա այդ գործունեությունը ձեզ համար մեծ բեռ է լինելու: Դժվար է, երբ մեծ բեռ ես ունենում, հաջողության հասնել: Ընդհակառակը, երբ ունես այդ տաղանդը, շնորհքը և հաճույքով ես գործդ անում, վստահ եմ, որ անպայման հաջողության կհասնես»,- ընդգծեց Սարգսյանը:
Սարգսյանը հորդորեց չվախենալ սխալվելուց, որովհետև կյանքը միշտ սխալները կուղղի և ճիշտ ճանապարհով կտանի, եթե մարդը իր նկատմամբ ազնիվ լինի:
« Փորձեք գտնել ձեր տաղանդը, փորձեք գտնել ինքներդ ձեզ և երբեք մի փորձեք ինքներդ ձեզ «խաբել»` զբաղվել նրանով, ինչը չեք սիրում: Մի վախեցեք դժվարություններից, որովհետև, եթե իսկապես սիրում եք ձեր մասնագիտությունը, հաճույքով եք դա անում, պարզել եք ձեզ տաղանդը, վստահ եմ, որ հաջողության կհասնեք»,- շեշտեց Սարգսյանը:
Նախագահը էական համարեց այն ,որ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում նման ձևաչափի հանդիպումներ լինեն:
«Շատ էական է, որ մեր երկրի ցանկացած դպրոց իր նկատմամբ ուշադրությունը զգա` և նախագահի, և վարչապետի, և Ազգային ժողովի, և ընդհանրապես մեր ժողովրդի ուշադրությունը: Հույս ունեմ, որ ամեն դպրոց բախտ կունենա հանդիպելու երկրի ղեկավարների հետ և նմանատիպ երկխոսություն տեղի կունենա: Պարզ զրույց, որը կօգնի և աշակերտներին, և ուսուցիչներին, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ անեն և ինչպես անեն»,- ասաց Սարգսյանը:
Նախագահին հարց ուղղվեց նաև մեր երկրում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին:
Արմեն Սարգսյանը նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը:
Նա ընդգծեց, որ երկիրը 21-րդ դարում մրցունակ դարձնելու համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, այդ թվում՝ կրթության բարձր մակարդակ, ազատ, իրենց ուժերի վրա վստահ երիտասարդներ:
«Կարևոր է Հայաստանը դարձնել մի վայր, որտեղ բացի լավ կրթությունից, ստարտափից, ներկա լինեն հայտնի միջազգային ընկերություններ, որոնք իրենց փորձով, գիտելիքներով կկիսվեն մեզ հետ»,- շեշտեց նախագահը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով` այս նախագիծը օրինակ է, թե ինչպես պետք է կառուցվեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները:
« Այս նախագծի մասնիկ է համարվում կրթության ոլորտում իրականացվող աշխատանքը: «Ռոսատոմ»-ը իրականացնում է այստեղ կրթական ծրագրեր, որոնք թույլ են տալիս առավել շնորհալի աշակերտներին սովորել Ռուսաստանի առաջավոր համալսարաններում և վերադառնալ Հայաստան, որպեսզի իրենք կարողանան իրեն ներդրումը ունենալ Հայաստանի զարգացմանը»-ասաց Կոպիրկինը: