ԱԺ Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին դեռևս չի հայտարարել ինքըˋ Ռուբեն Հակոբյանը, բայց առավոտից խմբակցությունում տիրում է խառը իրավիճակ: Պարզելու համար, թե ինչն է պատճառը, որ Հակոբյանը ցանկանում է հրաժարական ներկայացնել, ԱԺ է գնացել նաեւ Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիորսյանը և քիչ առաջ փակ խորհրդակցություն է տեղի ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի միջև, որից հետո Ա․Մարտիրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։Նա նշել է, որ առայժմ վերջնական պատկերացում չունի, թե ինչու է Ռ․Հակոբյանը նման որոշում կայացրել՝ ընդգծելով, որ պետք է անպայման զրուցի նրա հետ։ Թե ինչ է ասել Զ․Փոստանջյանը, Ա․Մարտիրոսյանը չի մանրամասնել՝ նշելով, որ նրա ասածն իր համար պարզապես ինֆորմացիա է, որը դեռ լիարժեք չէ։ Ա․Մարտիրոսյանի խոսքով՝ Ռ․Հակոբյանի որոշումն իր համար անակնկալ էր, քանի որ նման հարց կուսակցության վարչությունում չի քննարկվել։ Նա նշել է, որ Ր․Հովհաննիսյանի հետ չի զրուցել և չգիտի՝ նա տեղյակ է, թե ոչ։ «Ժառանգության» փոխնախագահը չգիտի նաև Ռ․Հակոբյանը վիրավորված է, թե ոչ Ր․Հովհաննիսյաննի այն քայլից, որ ստրասբուրգյան իրադարձություններից հետո նա լիովին աջակցել է Զ․Փոստանջյանին՝ ընդգծելով, որ վերջինիս սատարել է ողջ կուսակցությունը։ Նշենք, որ քիչ ուշացումով Ազգային ժողով է եկել նաև Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանի հետ առանձնացել են խմբակցության ղեկավարի աշխատասենյակում։ Զրույցից հետո Ռ․Հակոբյանը խոստացել է ավելի ուշ մեկնաբանություն տալ։ Հավելելենք, որ ԱԺ նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը Ռուբեն Հակոբյանի հրաժարականի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։ Լրագրողներն այս պահին սպասում են Ռուբեն Հակոբյանի հայտարարություններին:
Էմմա Պալյան