«Ասեմ, որ ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել Սերժ Սարգսյանին. ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»,-ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից՝ պատասխանելով իր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, թե Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցը Սերժ Սարգսյանին կազինոյի եւ «կրված գումարների» մասին անտեղի է:
Հիշեցնենք` հարց ու պատասխանի ժամանակ Ս. Սարգսյանին հարց է հղել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա իր խոսքում նշել է, որ քանի որ Ս. Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նրան ուրիշ հարց չի հղի` բացառությամբ մեկից: Եւ ապա հարցրել է նրան, թե Եվրոպայում արձակուրդի ժամանակ որքա՞ն գումար է տանուլ տվել կազինոյում: Սերժ Սարգսյանը նրան պատասխանել է, որ ինքը երբեւէ կազինո չի գնացել եւ գումար էլ չի կրվել: Ապա հեգնել է, որ «ցավոք սրտի, 70 մլն-ի չեմ տիրապետում եւ եթե ունենայի, մի մասը ձեզ կնվիրեի, որպեսզի դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»:
Զարուհի Փոստանջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նաեւ ասաց.
«Նրա այդ խոսքից էլ արդեն հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանին երջանկության համար պետք են միլիոնավոր եվրոներ, բայց ասեմ, որ մեր երջանկության հիմքում սա է՝ ունենալ հայրենիք, ունենալ զավակներ Հայաստանում եւ Հայաստան պետության համար:
Եթե ասում են` այդ տեղը չէր այդ հարց տալու, թող գան այստեղ ու տեսնեն, թե քանի հայեր ստիպված են այստեղ իրենց ազգանունները փոխել, ներկայանալ թուրքերի ազգանունով, որպեսզի ստանան ապաստարան»,-ասաց Զ. Փոստանջյանը:
Պատգամավորը պատմեց նաեւ, որ ԵԽԽՎ շենքի դիմաց ֆրանսահայերը բողոքի ցույց են անում, եւ այդ իսկ պատճառով Ս. Սարգսյանը շենք է մտել ետնամուտքից:
Հարցազրույցն` ամբողջությամբ :