տուն Քաղաքական Հայաստան Փոխնախարարը բացթողումներն աններելի է համարում

Փոխնախարարը բացթողումներն աններելի է համարում

325
0

Բանակում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո ականատես եղանք մի շարք պաշտոնանկությունների, որոնց հաջորդեցին նոր կադրերի նշանակումներ: Արդյոք այս փոփոխությունները կնպաստեն բանակում իրավիճակի դրական տեղաշարժին, ներքին կանոնադրական հարաբերությունների կարգավորմանն ու կոնֆլիկտային իրավիճակի լուծմանը: Այս և այլ հարցերի շուրջ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Շատ է խոսվել, թե ինչ աշխատանքներ են տարվում: Կադրային փոփոխությունները կատարված աշխատանքներից ընդամենը մեկ քայլն է: Նոր բան չեմ ասելու: Իրավիճակն արձանագրում եմ որպես թերություն, և այդ թերությունները շտկելու համար շատ աշխատանք ունենք անելու՝ ծառայության պայմաններից սկսած»:

Փոխնախարարը բացթողումներն աններելի է համարում: Բայց հավելում է, որ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մարդկանց հետ: Սխալ հնչեցված յուրաքանչյուր կարծիք կարող է խեղել մարդկային ճակատագրեր: Բանակում վերջին ամիսների 13 զոհերի հետ կապված՝ Գաբրիլ Բալայանը հստակեցնում է. «Ես չեմ գտնում, որ մահվան ելքով 13 դեպքերը պետք է զոհվածներ համարել, որովհետև, ի պաշտոնե ինձ հասած տեղեկություններով, դրանցից մի քանիսը մահեր են: Գոյություն ունեն համապատասխան իրավական կարգավորումներ յուրաքանչյուր մահվան դեպքում: Ես արձանագրում եմ մահվան դեպքեր, որպեսզի բոլորի համար կիրառելի լինի: Հետևությունները բազմաթիվ են, որոնցից մեկը, ինչպես նշեցի, պաշտոնանկություններն էին: Այո պետք է ավելի խիստ լինեին»:

Ըստ փոխնախարարի դիտարկումների՝ շատ դեպքերում զոհի կարգավիճակում հայտնվում են այն ծնողներն ու զինծառայողները, որոնք իրականում պետք է տույժի ենթարկվեին: Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայություն ժամացույցի նման հստակ պետք է աշխատի: «Առաջ եկած խնդիրներն այս ամբողջական մեխանիզմի միայն մեկ հատվածի սխալ աշխատանքի արդյունքում է: Կանոնադրական հարաբերությունների պահպանման դեպքում նմանատիպ արդյունքներ հնարավորինս քիչ կլինեն»,- վստահեցնում է փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հայկ Մագոյան