Կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Արտգործնախարարությունը արդեն պաշտոնապես պատասխանել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հայտարարություններին:
Հարցին, թե, որպես դիվանագետ, նա իրավունք ունե՞ր նման հայտարարություն անելու, փոխնախարարը պատասխանեց. «Դա արդեն թողնենք դիվանագետի խղճի վրա: Դժվար է գնահատել նման բանը, դեսպանն իհարկե ազատ է իր գործունեության մեջ, բայց եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, չեմ կարծում, որ դա միջամտություն կարող է գնահատվել, դեսպանը հայտնեց իր կարծիքը, որի պատասխանը ստացավ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեսպանը հարցազրույց տալով Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» պարբերականին, նշել էր, թե թե պետք է զբաղվել ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Պատասխանելով այս հայտարարությանը՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասել էր, թե չի կարծում, որ հասարակական կազմակերպությունները կարող են նման բան անել: