տուն Քաղաքական Վերլուծական Կա՞ տնտեսագետ, ով կասի, թե ՄՄ-ն օգուտ կտա ՀՀ տնտեսությանը

Կա՞ տնտեսագետ, ով կասի, թե ՄՄ-ն օգուտ կտա ՀՀ տնտեսությանը

278
0

economists

Շուրջ 3 ամիս է անցել Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից, սակայն այդպես էլ չի գտնվում մի տնտեսագետ, որը հստակ կասեր, թե ինչ օգուտ կունենա Հայաստանի տնտեսությունը, եթե մենք մտնենք Մաքսային միություն: Միակ մարդը, որ խոսում էր ինչ-որ օգուտներից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Աշոտ Թավադյանն էր: Ընդ որում՝ Թավադյանը ոչ թե ինչ-որ վերլուծություն է ներկայացրել (չնայած՝ խոստացել էր), այլ ընդամենը կրկնում էր այն խոսակցությունները, թե իբր Հայաստան մտնող գազի գինը կէժանանա և Ռուսաստանն էլ մոտ 500 մլն դոլարի ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքներում: Գազի գինը, արդեն հայտարարվեց, որ չի էժանանա սպառողներիս համար, իսկ 500 մլ-ի խոսակցությունները այդպես էլ խոսակցություններ մնացին:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյան, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյան, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյան, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Էդուրադ Սանդոյան, նախկին վարչապետ Արմեն Դարբինյան,- բոլոր այս մարդիկ արտահայտվել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, սակայն կա՛մ չեն նշել որևէ հստակ տնտեսական օգուտ, որ կարող է ունենալ Հայաստանը ՄՄ մտնելու դեպքում, կա՛մ էլ օգուտները դիտարկել են զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական տեսակետից: Անգամ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը միշտ շեշտում է, որ Մաքսային միությունը գերազանցապես քաղաքական կառույց է: Շատերը, այդ թվում՝ Պետական տնտեսագիտական համալսարանի լուրջ դասախոսներ ու ՀՅԴ կուսակցության տնտեսագետ նախկին ու ներկա պատգամավորներ պարզապես հրաժարվում են խոսել այս թեմայով՝ կա՛մ նշելով, թե իրենց համար դեռ ոչինչ հստակ չէ, կա՛մ էլ շեշտելով, որ ՄՄ-ն մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանը, բայց իրենք այդ մասին չեն ուզում հրապարակայնորեն խոսել:

Այսպիսով՝ փնտրվում է տնտեսագետ, ով կոնկրետ առարկայական ինչ-որ օգուտներ կնշի ՄՄ անդամակցելու դեպքում Հայաստանի տնտեսության համար: Բայց, կրկնում ենք, տնտեսական օգուտը պետք է լինի խիստ որոշակի ու չափելի: Օրինակ՝ Ասոցացման դեպքում այդ օգուտները շատ հստակ էին՝ մաքսատուրքերի զրոյացում ու ստանդարտների համապատասխանեցում, որի շնորհիվ կաճեր Հայաստանի արտահանումը, ՀՆԱ-ն, կնվազեր գների աճի տեմպը, մոտ 1.5-2 մլրդ եվրոյի դրամաշնորհներ (ոչ թե վարկեր) կստացվեին ԵՄ-ից (հայկական կողմը մոտ 5 մլրդ եվրոյի հայտ էր ներկայացրել) և այլն: Մաքսային միության դեպքում նման հստակության որևէ բան չկա: Եվ ոչ մի տնտեսագետ չկա (բացի Աշոտ Թավադյանից), որ կփորձեր իրեն անհարմար վիճակի մեջ դնել և ինչ-որ զուտ տնտեսական օգուտներից խոսել:

Հայկ Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here