Երկար տարիների գործունեության հերթական գնահատանքը Մոնայի համար դարձավ նաև «Տարվա հայուհի» մրցանակը, որը և՛ արժանի մրցանակ էր, և՛ այցեքարտ հետագա ավելի բեղուն գործունեության համար: Հանդիսությունների կազմակերպիչ, լրագրող, իրավաբան, մարքեթինգի ավագ մասնագետ Մոնա Գյուլասարյանը գործունեությունը սկսելով պատանեկան տարիներից` քաղում է իր քրտնաջան աշխատանքի պտուղները, որով և՛ ուրախացնում է երկրպագուներին, և՛ դառնում օրինակ`անգամ ամենադժվար ճանապարհի կեսից հետ չկանգնելու:
«Տարվա հայուհին» ձեզ համար մրցանա՞կ է, թե՞ կոչում:
Ավելի շուտ` կոչում: Հաճելի է ընդգծված և գնահատված մարդ լինելը, այն էլ`Հայուհի:
Երևակայությո՞ւն, թե՞ իրականություն: Որտե՞ղ եք դուք:
Երկուսի արանքում… Ավելի քան իրական եմ՝ երևակայություններին չտրվելու համար։ Շատ դժվար է չկորցնել անձը՝ երկու հարթությունների սահմանագծում։ Երբ ՄԱՐԴՆ է խոսում այլ է, քան երբ մասնագետն է խոսում։ Սարսափելի է, երբ նրանք սկսում են իրար հետ խոսել…) Ամեն դեպքում երևակայության մեջ անսահմանության զգացումն ավելի մեծ է, բայց այն չունի իրականության հնարավորությունները, իսկ ես «Հնարավորության մարդ» եմ։
Ի՞նչ են վերցրել ձեզնից մասնագիտական հաջողությունները:
Շատ բարդ հարց է…
Հավանաբար երազանքներս՝ նկարելու կամ կիթառ նվագելու։
Եթե ավելի լուրջ՝ վերցրել է ժամանակ… Շա՜տ ժամանակ, պատանեկություն, մասամբ երտասարդություն, առողջություն։ Մենք վճարում ենք միշտ և ամենադաժան գործարքները բնության հետ են։ Երբ տարվում և ոգևորվում ես, հետո հետ ես նայում և հասկանում ես՝ ևս մի քանի տարի տվեցիր այդ հաջողությունների դիմաց։
Հաջողություններն ամենաշատն ինձ հաճախ խլում են ընտանիքից, ծնողներից ու սիրելի մարդուց։ Իսկ եթե սիրելի չկա՝ ուրեմն նրա բախտը բերել է)))
Ո՞ր սահմանագծում է ձեր ինքնաբավարարվածության զգացումը:
Ես այն դեռ չեմ տեսնում։ Անգամ ուղին դեռ չեմ գտել, թե ինչպես կարելի է թողնել աշխարհի անցյալն ու ապագան քո 80 կամ 90 տարիների մեջ։
Ես ձգտող եմ՝ դեպի լույսը, դեպի բարին, դեպի սերը, դեպի այնտեղ ուր մարդկայինը դեռ չի եղել։ Ընդհանրական է հնչում, բայց հենց այս լուսավոր կետերն են ձևավորում մեր սեփական երկինքը՝ փոքրիկ մտահաղացումներով, բարեգործությամբ, լավ հարաբերություններով՝ առանց չարախոսության։ Երբ հարմար գործոններն արդեն կան փորձում ես ևս մի բանի մասին մտածել, պահը չկորցնել ապրելու և կատարելագործվելու… Այսինքն՝ դու պետք է նախ բարենպաստ պայմաններ ստեղծես քո մեջ, որտեղ հավաքելու ես քո լավ գործերը ու դրական ապրումները։ Նոր միայն դրանից հետո կփորձես հասկանալ՝ բավարարվա՞ծ ես արդյոք… Ճի՞շտ ես արդյոք ծախսել կամ վատնել ժամանակդ…
Անընդհա՞տ, թե՞ հաճախակի:
Միանշանակ` անընդհատ: Եթե սկսել ես` համառ եղիր:
Ապրելն արվե՞ստ է, թե՞ գոյատևում:
Ապրե՞լը պայքար է։
Ամեն օր պայքարում ենք, ամեն ապրած ժամում պայքար կա։ Պայքարում ենք, որ ձեռք բերենք, հետո պայքարում ենք, որ պահենք, հետո պայքարում ենք, որ առանց դրա ապրենք… Ճակատագրերը շատ այլ են լինում, տեսակետներն անընդատ փոխվում են։ Կյանքն արվեստ է դառնում, երբ ներդրումը հենց ինքդ ես, պայքար է դառնում — երբ այն ջրերը, որոնք բարձրացել էին և ձկներին հնարավորություն էին տալիս ուտել մրջյուններին, իջնում են, ու, հետևաբար, մրջյուններն ուտում են ձկներին։
Փիլիսոփայություն է արվեստը չկորցնել պայքարում ու ԱՊՐԵԼ։
Արվեստի աշխարհի մարդու համար հարսանեկան միջոցառումների կազմակերպումը որքան է դիսոնանսային:
Երբ քո աշխատանքին սկսում ես նայել նրբանկատորեն, վերաբերվել պատասխանատու և կիսել զգացողություններ քո սեփականի պես, ապա այն գեղեցկանում և կատարելագործվում է՝ արվեստի է նմանվում։ Հարսանիքը երկու մարդկանց գերագույն գիտակցության արտահայտումն է, որտեղ պետք է ակնհայտորեն ընդգծվի Մեծ Սեր։ Պետք է կերտել ու նկարել օր՝ քո պատկերացրած գույներով ու քո ունեցած ներկապնակից։ Իսկ որտեղ կա սեր՝ բիզնեսը նահանջում է։ Երբ աշխատանքդ բարձր մակարդակով ես կատարում, մի՛ անհանգստացիր, դու անպայման կվարձատրվես, քանի որ հիմա գեղեցիկը գնահատողների հարյուրամյակն է։
Որ հարցը չէիք ցանկանա, որ ընդհանրապես տրվեր ձեզ:
Անձնական թեման փակ է: Դա միայն ինձ է վերաբերում` բացառապես ինձ:
Դուք հասարակության մարդ եք: Ըստ այդմ, ձեր անձնականն էլ է պետք այդ նույն հասարակությանը՝ ձեզ ավելի գնահատելու և ճանաչելու համար:
Իսկ ինչո՞ւ է կոչվում անձնական: Վստահեցնում եմ, որ ես բավականաչափ սիրել գիտեմ: Այնքան ինքնամոռաց, որ անգամ տիեզերքն ինձ չի հասցնում դա վերադարձնել:
Չէի՞ք ցանկանա կյանքում լինել լոկ ընթերցող և ուրիշի փոխարեն այս տողերը կարդալով` քննադատել:
Հավատացեք, որ ոչ՝ չէի ցանկանա։ Որովհետև քննադատությունն ունի հետևանքներ, ու քանի դեռ կյանք ունես առջևում ապրելու, չգիտես՝ ուղիդ ում սարերով է բարձրանալու….
Ես հեղինակ կմնամ՝ ընթերցելով ինքս ինձ և ուրիշի փոխարեն ինձ կքննադատեմ՝ ուրիշներին էլ գործ չթողնելով։ Ես այսպիսին եմ…
Հարցազրույցը` Արշակ Սեմիրջյանի